Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Իրավաբան.net-ը տեղեկանում է, թե ինչ արտոնություններ ունեն հաշմանդամություն ունեցող անձիք։
Հաշմանդամություն ունեցող անձինք՝
- ընդգրկված են բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում և կարող են օգտվել սահմանված՝ անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու արտոնություններից,
- ընդգրկված են անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում։ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվել անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ուեցող անձինք՝ 50% զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից,
- Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում,
- 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն անվճար էլեկտրատրանսպորտից օգտվելու իրավունք,
- իրավունք ունեն ստանալու աջակցող միջոցներ՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցներ, համապատասխան վերականգնողական անհատական ծրագրին, պետական հավաստագրի հիման վրա։
Ի՞նչ է հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը
Վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) սահմանված որոշակի վավերապայմաններով և ձևով, լրացման համար անհրաժեշտ դաշտեր պարունակող փաստաթուղթ է, որի համաձայն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումը: ՎԱԾ-ը կազմվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում: Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները և ժամկետները, աջակցող միջոցների և այլ ծառայությունների տեսակները:
ՎԱԾ-ն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոցառման տեuակից, ձևից և ծավալից, ինչպեu նաև ամբողջ ծրագրի իրականացումից:
Ի՞նչ աջակցող միջոցներ են տրամադրվում հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց
Պրոթեզներ (վերին և ստորին վերջույթի), կրծքագեղձի էկզոպրոթեզ, ակնագնդի պրոթեզ, ձայնաստեղծ սարքեր/պրոթեզներ, օրթեզներ, անվասայլակներ, գուլպաներ (անդամահատված ծայրատի համար), լսողական սարքեր, լսողական սարքերի անհատական ներդիրներ, աղեկապեր, սեղմիրաններ, հենակներ, ձեռնափայտեր, քայլակներ, ծնկակալեր, ռեկլինատորներ, կոշիկներ (oրթոպեդիկ, պրոթեզի, օրթեզի):
Ի՞նչ ընթացակարգով են տրվում աջակցող միջոցները և ո՞ւր դիմել
Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման աջակցող միջոցները տրվում են պետական հավաստագրերի միջոցով` համապատասխան որակավորում անցած կազմակերպությունների կողմից: Պետական հավաստագիր ստանալու համար քաղաքացին կարող է դիմել սոցիալական ծառայության տարածքային գործակալություն կամ նախարարություն` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Հավելենք, որ նշված արտոնությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների պաշտպանության մասին» օրենքի համաձայն։