«Գովազդի մասին» օրենքով մի շարք արգելքներ են սահմանվում որոշ ապրանքատեսակների գովազդների համար։
Ալկոհոլային խմիչքների գովազդի դեպքերում արգելվում է`
- ներշնչել, որ ալկոհոլն ունի բուժական, խթանող, հանգստացնող և լարվածությունը թուլացնող հատկություններ.
- դրդել սպառողներին ալկոհոլի օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.
- ներկայացնել խմիչքներում ալկոհոլի բարձր աստիճանը` որպես դրական հատկություն.
- ներշնչել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.
- նկարահանել և պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց:
Արգելվում է ալկոհոլային խմիչքների գովազդման ժամանակ դիմել անմիջապես անչափահասներին, ինչպես նաև ցույց տալ կամ պատկերել դրանց օգտագործման ընթացքը:
Արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-ից մինչև 22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր) գովազդ: Ալկոհոլային խմիչքների գովազդ տեղադրել լրագրերի կամ ամսագրերի առաջին էջի ու կազմի վրա ևս արգելվում է:
Ալկոհոլային խմիչքների գովազդը նշված պահանջների խախտմամբ` առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ` 300 հազար դրամի չափով: Նշված արարքները կրկին կատարելը, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով: