Ախալցիխեում Astrazeneca պատվաստանյութով պատվաստումից հետո բուժքույր է կոմայի մեջ ընկել: Մոտ 30-ամյա կինն իրեն սկսել է վատ զգալ պատվաստումից րոպեներ անց: Այս մասին «Ալիք Մեդիային» հայտնել են տեղից:
Տեղի ունեցածից հետո «Իմեդի» կլինիկայի հարակից տարածքում, որտեղ էլ աշխատում է բուժքույրը, հավաքվել են վերջինիս հարազատները, կոտրել կլինիկայի պատուհանները: Նրանք պահանջել են հանդիպում կլինիկայի տնօրենության հետ: Դեռևս նրանց չեն պատասխանել:
Ալիք Մեդիան փորձել է մեկնաբանություն ստանալ Ախալցիխեի հանրային առողջապահության կենտրոնից, որի հանրային կապերի ծառայության ներկայացուցիչը` լսելով, որ լրագրող են հարցնողները, հայտարարել է, որ ոչինչ չի լսում ու խոսափողն անջատել է:
Վրաստանի Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ շուտով հայտարարություն կտարածեն:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ պատվաստանյութը կարող է ունենալ կողմնակի ազդեցություններ: Օրինակ` իր մոտ նկատվել են ցավեր ձեռքի հատվածում: Նա ներկայացրել է վիճակագրություն, ըստ որի՝ պատվաստված բժիշկներից մեկի մոտ բորբոքային գործընթաց է սկսել, բժիշկների մի մասի մոտ 39 աստիճան ջերմություն է նկատվել: Այս ամենն ըստ Իմնաձեի` միանշանակ նորմալ է:
«Եթե չպատվաստվենք, ավելի վատ վիճակ կլինի»,- հայտարարել է Իմնաձեն։
Նշենք, որ Վրաստանում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացը։ Առաջին փուլում երկրում COVID-19-ի դեմ պատվաստվում են բուժաշխատողները:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկատվությամբ՝ մարտի 17-ի, ժամը 18:00-ի դրությամբ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2719 բուժաշխատող։
Լուսանկարը՝ sknews.ge