Թբիլիսիում Գլդանիի բանտում բուսակեր (վեգան) կալանավորին հրաժարվել են բուսական սնունդ տալ. վերջինս դա համարել է խտրականություն ու դատարան է դիմել: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։
Դատարանը գործը կուսումնասիրի մարտի 18-ին: Հայցվորը սնվում է սպիտակուցներով, ճարպերով, ածխաջրերով` միայն բուսական ծագման: 2019-ին նա տեղափոխվել է №8 քրեակատարողական հիմնարկ: Նա անմիջապես դիմել է բանտի ադմինիստրացիային` խնդրելով իրեն հատուկ սնունդ տրամադրել, սակայն մերժում է ստացել․ նրան պատասխանել են, որ իրենք չունեն ոչ բուսակերի համար հատուկ սնունդ, ոչ էլ բուսական սնունդ եփող խոհարար, բուսական սնունդ չկա նաև բանտի խանությում:
Արդյունքում, կալանավորի ընդունած սնունդը եղել է նորմայից բավական ցածր, ինչի հետևանքով էլ նրա մոտ առողջական խնդիրներ են սկսել:
Հայցվոր կալանավորը բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում: Այս գործով պատասխանողը Վրաստանի արդարադատության և առողջապահության նախարարություններ են, հատուկ քրեակատարողական ծառայությունը և №8 քրեակատարողական հիմնարկը: