Ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը անցնեն երկկողմ շփումների․ Սերգեյ Շոյգու

Ռուս-թուրքական հաջող տարածաշրջանային համագործակցության վերջին օրինակը Լեռնային Ղարաբաղն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Tengrinews.kz-ին տված բացառիկ հարցազրույցում:

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, Շոյգուն նշել է․ «Մենք (Թուրքիայի հետ) այսօր համատեղ պարեկություն ենք իրականացնում Սիրիայի հյուսիս-արևելքում: Միասին մասնակցում ենք ահաբեկիչների դեմ պայքարին: Մենք միասին, բավականին հաճախ, նույն օդային տարածքներում ենք աշխատում․․․Այս աշխատանքը հեշտ չէ, դժվար է․․․ Վերջին աշխատանքը, իհարկե, Լեռնային Ղարաբաղն է: Սա այնքան բարդ գործողություն է»։

Նա նշել է, որ Ռուսաստանին համար երկու եղբայրական ժողովուրդների, երկու մերձավոր հարևանների պատերազմը դադարեցված է և այսուհետ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության և ներդաշնակության մեջ են ապրելու․ «Համաձայնեք, չէ՞ որ միմյանց դեմ պայքարում են երկու եղբայրական ժողովուրդներ, մեր երկու մտերիմ հարևանները, նրանք, որոնց հետ ապրել ենք և հետագայում էլ ապրելու ենք խաղաղության, համաձայնության և բարեկամության մթնոլորտում։ Մյուս կողմից Թուրքիայի միացումն է այդ գործողությանը, այդ իսկ պատճառով պետք էր զրույց տանել և այդ հարցով զբաղվել նաև թուրք գործընկերների հետ»:

Նրա խոսքով՝ Պուտինը «տիտանական» ջանքեր է գործադրել, որպեսզի 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կնքվի․ «Բոլորին համոզել էր պետք։ Այսինքն, չկար մեկը, ով կասեր. «Համաձայն եմ, նրանց համոզեք»: Անհրաժեշտ էր համոզել բոլորին: Մենք, մեր գործընկերների, պաշտպանության նախարարների մակարդակով խոսեցինք նաև մեր թուրք գործընկերների հետ: Առաջին հերթին ամեն ինչ արվել է, որպեսզի մարդիկ դադարեն միմյանց սպանել: Երկրորդ, հուսով եմ, որ այժմ ժամանակն է, որ նրանք անցնեն երկկողմ շփումների և միմյանց հետ խոսեն, սկսեն երկխոսել: Ես նկատի ունեմ Հայաստանին ու Ադրբեջանին»:

Շոյգույի խոսքով՝ այս կոնտեքստում շատ բան է կախված Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների զարգացումից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել