Պարտադիր չէ զոհվածի տուն մտնել, ասել՝ եկել ենք ձեզ մխիթարելու, պետք է ապրելակերպ փոխել. դիրքեր անվադողեր հասցնող Ժորա Աբգարյան

2016 թվականին՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվեց գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանը։

Նրա ավագ եղբայրը՝ Ժորան, որոշեց որևէ կերպ օգնել բանակին, սկսեց անվադողեր հավաքել՝ դիրքերն ամրացնելու համար։

Շուրջ 4 տարի է, ինչ Ժորան զբաղվում է այդ գործով՝ իրեն միացած հարյուրավոր կամավորների հետ։ Ստեղծել է նաև Մարտական պատրաստության ակումբ։ Կամավորական աշխատանքներ կատարել 2020 թ.-ին Տավուշում սկսված մարտերի ժամանակ, այնուհետև՝ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում։

«Զավակ կորցրած ծնողներին շատ դժվար է մխիթարել։ Անկեղծ, չգիտեմ ինչ պետք է անել։ Հասարակությունը, ամեն մարդ տարբեր կերպ է մոտենում այս ամենին։ Մարդ կա ասում է՝ հա, եղել՝ եղել է, անցել գնացել է, բայց ոչ մեկ չի պակերացնում, որ որդի, ամուսին, ծնող կորցրած ընտանիքը երբեք չի կարող մոռանալ այդ ամեն ինչը։ Ու հիմա, որ մենք ապրում ենք՝ էլի մոռացած էդ ամեն ինչը՝ բնականաբար բոլորին երկրորդ հարված է լինելու։ Ես չեմ պատկերացնում էլի… սովորական կյանքով են ապրում, կարծես թե ոչ մի բան չի եղել մի քանի ամիս առաջ ու դա ավելի մեծ ցավ է պատճառում բոլորիս։

Հիմա շատերը կասեն՝ բա ո՞նց անեն, ո՞րն է ճիշտը. ուղղակի ապրելով չէ։ Եթե մենք ապրենք իմ ասած ձևով՝ ռազմարդյունաբերությամբ զբաղվենք, ուժեղացնենք մեր հայրենիքը, դա արդեն զոհվածի ընտանիքի, վիրավորում ստացած զինվորի համար մոտիվացիա կլինի, բայց մենք հիմա ոչ մի բան չենք անում։ Եթե մենք տարբեր բաներ անենք հանուն մեր տղեքի, իհարկե ծնողներն իրենց մեջ ավելի ուժ կզգան։ Պարտադիր չէ զոհվածի տուն մտնել, ասել՝ եկել ենք ձեզ մխիթարելու։ Էդպես գրեթե ոչ մեկի մեջ ոչ մի փոփոխություն չի լինելու…

Էն, ինչ որ մենք տեսանք, երկրորդ ամենածանր հարվածն էր»,- նշում է Ժորա Աբգարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել