«Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով սահմանվում է զինծառայողների բնակարանային ապահովությունը։
Ըստ օրենքի՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, որոնք համապատասխանաբար կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ ՀՀ տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն, 4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, որոնք ՀՀ տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայն նախկին զինծառայողի և սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված` նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով բնակելի տարածության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառակուսի մետրից պակաս` հաշվառվում են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, և նրանց սեփականության իրավունքով անհատույց հատկացվում է բնակարան, կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն` ՀՀ կառավարության սահմանած կարգով և չափերով:
Սույն մասով սահմանված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող չեն համարվում այն անձինք, որոնք զինծառայողի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվանից առաջ` հինգ տարվա ընթացքում, օտարել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունները կամ փոխել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունների օգտագործման նպատակային նշանակությունը կամ զինծառայողի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ բնակվում են օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չստացած բնակելի տարածությունում կամ օրենքով սահմանված կարգով ժառանգության բացումից հետո բնակելի տարածության նկատմամբ ունեն ժառանգական իրավունք, սակայն չեն հրաժարվել իրենց հասանելիք բնակելի տարածության նկատմամբ ժառանգության իրավունքից:
Սույն հոդվածով սահմանված զինծառայողների բնակարանային ապահովությունն իրականացվում է յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով համապատասխան պետական լիազոր մարմնին հատկացված միջոցների հաշվին:
Այսինքն՝ օրենքը հստակ ժամկետներ չի սահմանում այլ նախատեսում է ըստ յուրաքանչյուր տարվա բյուջեի միջոցների։