Նախագահ Արմեն Սարգսյանի փետրվարի 24-ի հրամանագրով՝ Տիրան Խաչատրյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։
Սահմանադրության 133-րդ հոդվածով՝ Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:
Իրավաբան․net-ը հայտնում է, որ հրամանագրում հղում է կատարվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին։ Այն է, պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է` ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի կարգով։
Սա նշանակում է, որ Տիրան Խաչատրյանը պաշտոնից ազատվել է կամ պաշտոնին չհամապատասխանելու, կամ կարգապահական տույժի ենթարկվելու համար։
Պաշտպանության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ Yerevan.today կայքում փետրվարի 24-ին հրապարակվել է մի հոդված, որում արծարծվում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի անունը:
«Տվյալ լրատվամիջոցի ներկայացուցչի հետ հեռախոսազրույցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ասել է, որ չի կարելի նման թեմաներով խոսել և եզրահանգումներ անել, ինչից հետո լրագրողը մեջբերել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականը, թե իբրև դա հնարավոր է, ինչն էլ առաջացրել է Տիրան Խաչատրյանի ծիծաղը:
Հոդվածում լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը` ընթերցողների մոտ առաջացնելով թյուրըմբռնում, ինչը կարելի է որակել որպես տեղեկատվական սադրանք:
Եվս մեկ անգամ հորդորում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին և քաղաքացիներին զերծ մնալ ռազմական ոլորտին առնչվող նմանաբնույթ խոսակցություններից և քննարկումներից, քանի որ դրանք կարող են էական վնաս հասցնել Զինված ուժերին և մեր երկրի անվտանգությանը»,-նշվել է ՊՆ հայտարարության մեջ: