Արցախյան պատերազմում զոհված Ալբերտ Ստեփանյանը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հուլիսի 20-ին, ծառայել է Ջրականում (Ջաբրայիլ):
Ալբերտ Ստեփանյանն, իր 5 ընկերների հետ շուրջ 80 օր անտառում է եղել: Փրկված 6 տղաները հայտնել էին, որ իրենց հետ ուրիշ տղաներ էլ են եղել Վանք գյուղում, սակայն բաժանվել էին տարաձայնությունների պատճառով: Թշնամին դեկտեմբերի 27-ին գտել է տղաներին և սպանել:
Ընտանիքի անդամները Ալբերտի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 12-ին. «Արդեն ընկել էին շրջափակման մեջ Վանք գյուղում, մեծ կռվից խուսափել են: 21 հոգով 27 օր մնացել են այդ գյուղում»,- ասում է հայրը՝ Գագիկ Ստեփանյանը: Նա հոկտեմբերի 13-ին գնացել է Արցախ՝ մասնակցելու որոնողական աշխատանքներին. «Ահագին տարածքներ ման ենք եկել, բայց չգտանք երեխաներին, երևի թշնամին մեզանից ավելի շուտ հասավ, չգիտեմ: Դեկտեմբերի 27-ին իմացա, որ 6 տղաներ խփվել են, բայց չիմացա, որ իմ տղան մեջն է, նկարները ցույց տվեցին, բայց չճանաչեցի, այսինքն խոշտանգել էին»,-պատմում է հայրը:
Ալբերտին սեպտեբերի 25-ին վիրահատել էին և վիրահատությունից մի քանի օր անց՝ հոկտեմբերի 8-ից մասնակցել է պատերազմական գործողություններին:
«Այդ նույն հոսպիտալում շատ վիրահատված կամ բուժվող երեխաներ կային, կարող է Ալբերտից ավելի ծանր վիճակում, ո՞ւր են այդ երեխաները, ո՞ւր են տարել»,-ասում է Ալբերտի մայրը՝ Թերեզա Խաչատրյանը:
Ալբերտ Ստեփանյանը ծնվել է 2002 թվականի հունիսի 25-ին, զոհվել է 2020 թվականի դեկտեմբերի 27-ին:
Մանրամասները՝ տեսանյութում