Այս և նմանատիպ կառույցների հիմնադրման կոլեկտիվ ջանքերը պետք է հանգեցնեն դիմադրության միասնական օրակարգի ձևավորվմանը․ Կարեն Զադոյանը՝ «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ի մասին

Արցախյան 2020 թվականի պատերազմի ավարտը ազդարարող նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից ընդամենը 24 օր հետո` դեկտեմբերի 4-ին, հիմնադրվեց «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը: Սա հանուն Արցախի, հանուն Հադրութի ընկած մեր սուրբ նահատակների պայքարը շարունակելուն ուղղված արժեվորող քայլ է: Սա հայի կորացած մեջքը ուղղելուն ուղղված ինքաբուխ քայլ է: Սա մեր ազգային արժանապատվությունը վերականգնելուն ուղղված ինքնիշխան քայլ է: Սա հայկականության ապագան վերգտնելուն ուղղված դիմադրությունն ազդարարող քայլ է: 

Այս մասին հունվարի 29-ին՝ «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության բացման պաշտոնական արարողության ժամանակ,  Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց իր ելույթում։

Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Շատ կարևոր է նմանատիպ դիմադրության կենտրոնների ստեղծումը` պատերազմի հետևանքով բռնի տեղահանման ենթարկված հադրութցի, շուշեցի, մարտակերտցի, մարտունեցի, ասկերանցի, քաշաթաղցի, շահումյանցի մեր հայրենակիցների ինքնակազմակերպման արդյունքում, քանի որ այս կառույցների ստեղծմամբ է նաև  փաստարկվում  հայրենիքի այդ հատվածների օկուպացիայի և վերադարձի իրավական-քաղաքական հիմքերը:

Ներկայումս նմանատիպ կառույցների ստեղծման գործընթացը ընթացքի մեջ է և այդ գործընթացին աջակցությունը Իրավաբանների հայկական ասոցիացիայի համար համարվում է առաջնային: Ասոցիացիայի աջակցությամբ հիմնադրվել և/կամ հիմնադրման փուլում են գտնվում նաև «Շուշիի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Դիզակ», «Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Կումայրի» արցախահայերի հասարակական կազմակերպություններն ու մի շարք այլ կառույցներ:

Կարծում եմ, որ «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության և հադրութցիների կողմից համանման այլ կառույցների հիմնադրման կոլեկտիվ ջանքերը պետք է հանգեցնեն դիմադրության միասնական օրակարգի ձևավորվմանը` հետևյալ նպատակների ընդգրկմամբ.

  • հադրութցիների ինքնորոշման իրավունքի ճանաչում,
  • միջազգային հանրության առջև Հադրութի դեօկուպացիայի հարցի բարձրացում ու դրա ներառում  ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգում,
  • Հադրութից բռնի տեղահանվածների սոցիալական, առողջապահական, տնտեսական, իրավական, զբաղվածության խնդիրների լուծմում և տեղական ու միջազգային հարթակներում հադրութցիների իրավունքների պաշտպանություն, 
  • Հադրութի պատմամշակութային հուշարձանների միջազգային-իրավական պաշտպանություն, 
  • Հադրութ վերադարձին նախապատրաստություն:

Իմ կարծիքով, այս ամենի հասնելու համար, անհրաժեշտ է, որպեսզի.

1) «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունն ու համանման օրակարգեր ունեցող կառույցները, հնարավորինս ամբողջ ծավալով, ապահովեն.

  • իրենց ինքնուրույնությունն ու ինքնիշախանությունը,
  • միմյանց միջև, ինչպես նաև այլ շագրգիռ այլ մարմինների, ինստիտուտներ և կազմակերպություններիի հետ ներդաշնակ համագործակցությունն ու համերաշխությունը,
  • ներքին և արտաքին կուռ ու արդյունավետ կազմակերպական կարողություների ձևավորումը,
  • Հադրութի վարչական շրջանի բնակիչ հանդիսացող շահառուների առաջնային և հրատապ խնդիրների լուծումը,
  • հետևողական կերպով սեփական օրակարգային հարցերի առաջ մղումը,

2) պետական մարմինները, ՀՀ քաղաքացիները, սփյուռքը, մասնագիտական քաղաքացիական հասարակության և դոնոր կազմակերպություները, մասնավոր հատվածն ու ԶԼՄ-ները պետք է իրենց գործնական ջանքերը ներդնեն, որպեսզի օժանդակեն.

  • «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության և համանման օրակարգեր ունեցող մյուս նորաստեղծ կառույցների կազմակերպական կարողությունների զարգացմանը և դրանց գործունեության իրականացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը,
  • վերը նշված օրակարգային հարցերի իրականացման համար ֆինանսական, տեղեկատվական և այլ ռեսուրսների ապահովմանը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության հիմնադրման կապակցությամբ և մեր գործընկեր նորաստեղծ հասարակական կազմակերպությանը մաղթում` անխափան ու արդյունավետ գործունեություն»,-իր ելույթում ասաց Կարեն Զադոյանը:

Հավելենք, որ «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը գրանցվել է 2020 թվականի դեկտեմբերի 4-ին և նպատակ ունի համախմբել Հադրութցիներին, արցախցիներին և առհասարակ հայաստանցիներին մեկ գաղափարի շուրջ՝ տեսնել օկուպացված Հադրութի և Արցախի ազատագրումը և դրա համար անել գործուն քայլեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել