2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածի նոր խմբագրությունը, որը սահմանում է աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողությունը:
Համաձայն խմբագրված 33-րդ հոդվածի՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին)՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:
Ներկայումս 33-րդ հոդվածի բովանդակությունն է՝ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունը իրականացնում են համապատասխան պետական մարմինները, իսկ ոչ պետական վերահսկողությունը` աշխատողների ներկայացուցիչները և գործատուները (գործատուների ներկայացուցիչները):