ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել է իր «դղյակի» մասին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետաքննությանը։ Նրա խոսքով՝ իրեն վերագրվող Գելենջիկի պալատը չի պատկանում ոչ իրեն, ոչ էլ նրա մերձավոր հարազատներին, հայտնում է ТАСС-ը։
«Ես այդ ֆիլմը չեմ դիտել պարզապես նման… նման տեղեկատվությունը դիտելու համար ազատ ժամանակ չունենալու պատճառով: Բայց թերթել եմ օգնականներիս բերած տեսանյութերը: Ես ուզում եմ միանգամից պատասխանել ձեր հարցին. Ոչ մի բան, ինչ նշված է որպես իմ սեփականություն, ոչ ինձ է պատկանում, ոչ էլ իմ մերձավոր ազգականներին և երբեք չի պատկանել»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսեյ Նավալնին հրապարակել է մոտ 2 ժամ տևողությամբ ֆիլմ Սև ծովի ափին գտնվող հոյակապ պալատի մասին, որը, ինչպես պնդում է ընդդիմադիրը, պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ֆինանսավորվում է նրա շրջապատի մարդկանց կողմից։
Ֆիլմի նախաբանում, որը հրապարակվել է Նավալնիի YouTube-յան ալիքում, ընդդիմադիրը պարզաբանում է, որ որոշել է հետաքննություն անցկացնել, երբ դեռևս եղել է Բեռլինի հիվանդանոցի վերակենդանցման բաժանմունքում։ Սակայն որոշում է կայացվել, որ այն կհրապարակվի միայն այն բանից հետո, երբ Նավալնին վերադառնա Ռուսաստան։
«Քանի որ մենք չենք ցանկանում, որ այս հետաքննության գլխավոր հերոսը մտածի, որ մենք վախենում ենք նրանից, ես կպատմեմ արտասահմանում գտնվելու նրա վատագույն գաղտնիքի մասին»,-բացատրել է Նավալնին: Իր հերթին Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեքշաբթի օրը հայտնել է, որ Կրեմլը ծանոթ չէ պալատի մասին հրապարակմանը, սակայն «ըստ էության, այն սուտ է»։