Կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունն է, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Կողոպուտը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կատարվել է խոշոր չափերով,
3) կատարվել է` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,
4) զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
Կողոպուտը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
1.1) բնակարան ապօրինի մուտք գործելով,
2) կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Իսկ ո՞րն է գողությունը:
Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունն է, որը
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Գողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) խոշոր չափերով,
3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Գողությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
1.1) բնակարան ապօրինի մուտք գործելով,
2) կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Փաստորեն, կողոպուտի և գողության տարբերությունը կայանում է նրանում, որ մի դեպքում (կողոպուտ) ուրիշի գույքի հափշտակությունը կատարվում է բացահայտ, իսկ մյուս դեպքում(գողություն)` գաղտնի:
Աղբյուրը` Իրավաբան.net