Արմեն Մարտիրոսյանի կարծիքով ոստիկաններն իրեն որպես թիրախ էին ընտրել. Բողոքի ակցիա ՀՔԾ-ի մոտ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ընտրացուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանին այսօր հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն ապրիլի 9-ին ոստիկանների կողմից իրեն ծեծի ենթարկելու դեպքերի հետ կապված ցուցմունք տալու:

Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը որևէ խնդիր չունի ցուցմունք չտալու: Պատրաստ է մասնակցել քննչական բոլոր գործողություններին:

«Ես ցուցմունք եմ տալու նույն օրը և՛ առավոտյան դրվագի հետ կապված, և՛ երեկոյան: Ես կարծում եմ, որ դրանք իրար հետ կապված են: Ոստիկանության գործողությունները և՛ առավոտյան, և՛ երեկոյան ես կարծում եմ ինչ-որ միտում են ունեցել: Որևէ խնդիր չկար: Շատ հանգիստ իրավիճակում էի, եկան և բռնություն գործադրեցին, այդ թվում իմ հարազատների` մայրիկիս և 8-ամյա աղջկաս նկատմամբ: Իրենց գործողությունները համաչափ չէին: Իսկ երեկոյան ինձ որպես թիրախ են ընտրած եղել: Կադրերում էլ երևում է, որ ես երբ նույնիսկ ոչ մի բան չէի անում, բռնությունը շարունակվում էր»,- հայտնեց Արմեն Մարտիրոսյանը:

Հատուկ քննչական ծառայության մոտ այս պահին ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացում` պահանջելով պատժել բռնարարքի մասնակից ոստիկաններին:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել