Ճապոնիան հայտնաբերել է Covid-19-ի նոր մուտացիա

Ճապոնիան Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել է COVID-19-ի նոր շտամ հայտնաբերելու մասին, բայց մուտացիան դեռ վիրուսը չի դարձրել ավելի ագրեսիվ, ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը:

Այս մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ Ճապոնիայի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի մասնագետները հայտնել էին, որ նրանք հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա, որը տարբերվում է Մեծ Բրիտանիայում կամ Հարավային Աֆրիկայում տարածվողներից: Միևնույն ժամանակ, նրանք նշել են, որ ներկայումս դժվար է գնահատել դրա «պաթոգենության մակարդակը, վարակվածությունը, փորձարկման մեթոդների կամ պատվաստանյութերի արդյունավետությունը»:

«Ճապոնիան ԱՀԿ-ին տեղեկացրեց վիրուսի նոր տեսակի մասին: Որքան վիրուսը տարածվում է, այնքան մեծ է վիրուսի նոր տեսակների ի հայտ գալու հավանականությունը … Սա կարող է հանգեցնել հիվանդացության և հոսպիտալացման աճի, ինչը կբարդացնի արդեն գործող հիվանդանոցների աշխատանքը: Այս պահին նոր տարբերակը դեռ չի հանգեցնում նրան, որ վիրուսն ավելի ագրեսիվ դառնա», – ասել է Հեբրեյեսուսը:

Կարևոր է շարունակել դիմակներ կրելը և պահպանել ֆիզիկական հեռավորությունը, քանի որ վիրուսի տարածումը սահմանափակելը նվազեցնում է նոր տեսակների առաջացման հավանականությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին էլ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվեց SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա։ Ավելի ուշ Միացյալ Թագավորության Խորհրդատվական խորհուրդը նոր և զարգացող շնչառական վիրուսային սպառնալիքների վերաբերյալ հաստատեց, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է ավելի արագ տեմպերով և պահանջում է էլ ավելի զգուշություն բնակչության կողմից: Չնայած վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատականների, կարող է 70% -ով ավելի վարակիչ լինել, քան սովորականը, սակայն դա չի նշանակում, որ այն ավելի վտանգավոր է մահվան կամ հոսպիտալացման տեսանկյունից:

Ավելի վաղ Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարարությունը ևս հաղորդել էր, որ գենետիկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա ՝ 501.V2 անվանումով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել