Լեռնային Ղարաբաղում իրենց աշխատանքի սկզբից ի վեր Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 414 հա տարածք և վնասազերծել մոտ 19 հազար պայթուցիկ նյութ, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 414 հա տեղանք, շուրջ 160 կիլոմետր ճանապարհ, 617 շենք, այդ թվում ՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ: Հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 19 հազար պայթուցիկ նյութ», – ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ հայտնաբերված պայթուցիկ նյութերը և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբանոցում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում: