Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը հայտնում է․
«ՕՔՍԻՏԱՆԻԱՅԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԸ՝ Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԵՐԻ
2020 թ․-ի դեկտեմբերի 17-ի լիագումար նիստ
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքը իր պատմության ընթացքում եղել է դառը վիճարկությունների առարկա: Այս անկլավի հայերը տասնամյակներ շարունակ պահանջում են ճանաչել իրենց անկախությունը՝ համաձայն միջազգային իրավունքով սահմանված և ամրագրված « ժողովուրդների ինքնորոշման իրավունքի » սկզբունքի:
Ղարաբաղյան հակամարտությունը կրկին բռնկվեց սույն թվականի հուլիսին, որին հաջորդեցին սեպտեմբերին սկիզբ առած ուժգին բախումները: Սեպտեմբերի 27-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը հանգեցրեց մի քանի շաբաթներ տևած զինված բախումների, որոնց ընթացքում թիրախավորվեցին Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու խաղաղ բնակչությունը:
Չնայած իր գործադրած ջանքերին, ֆրանսիական դիվանագիտության որդեգրած չեզոքության ռազմավարությունը տապալվեց դեպքերի բերումով: Քաղաքացիական անձանց ռմբակոծումը, այս տարածքից բնակչությանը վերացնելու բացահայտ ցանկությունը, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) սահմաններից անդին Հայաստանի դեմ հարձակումը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, հարևան Թուրքիայի ռազմատենչ ազդեցությունը և այս անկայուն տարածաշրջանում հակամարտության ընդլայնման ռիսկերը հակասում են ԵԱՀԿ-ի ներքո և Ֆրանսիայի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համանախագահությամբ գործող Մինսկի խմբի որդեգրած խաղաղ կարգավորման ուղուն:
Այս հակասությունը եզրահանգեց նոյեմբերի 10-ին Ռուսաստանի հովանու ներքո կնքված համաձայնագրին, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասի զիջումը և կցումը Ադրբեջանին։ Սա հանգեցնում է հայերի վտարմանը մի տարածքից, որտեղ նրանք միշտ են բնակվել: Կանխարգելելու փոխարեն, չեզոքությունն անգամ տեղի տվեց անընդունելի բռնությունների և տառապանքների:
Օքսիտանիայի շրջանի բնակիչները լավ գիտեն, թե որոնք են զինված ուժերով, մարտերով, բռնությամբ, էքսպանսիոնիստական և ծայրահեղական գաղափարախոսություններով պայմանավորված հարկադրական արտաքսման պատճառած տառապանքները, քանզի մեր շրջանը իր պատմության ընթացքում միշտապես եղել է գաղթականներին ապաստանող տարածք:
Որպեսզի Օքսիտանիա շրջանը կարողանա իր կողմից համագործակցության և ֆինանսավորման միջոցով ցույցաբերել այս բնակչության համար խիստ անհրաժեշտ աջակցությունը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր օրենսգրքի Լ.1115-1 հոդվածի դրույթների համաձայն, Կառավարությունը պետք է վերացնի տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ սահմանած արգելքը, և քայլեր ձեռնարկի Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ:
Վերոնշյալից ելնելով՝ Օքսիտանիայի շրջանային խորհուրդը իր լիագումար նիստին․
– արտահայտում է իր բարեկամությունն ու աջակցությունը Արցախի հայերին,
– խնդրում է Ֆրանսիայի կառավարությանը գործադրել դիվանագիտական և մարդասիրական ջանքեր,
– հայցում է Ֆրանսիայի կառավարությունից ճանաչել Արցախի Հանրապետությունը,
– դիմում է Ֆրանսիայի կառավարությանը վերացնել Արցախի հետ կապեր ունենալու հարցում տեղական ինքնակառավարման մարմինների առջև դրված արգելքը և այդպիսով թույլ տալ վերջիններին համագործակցել մասնավորապես մարդասիրական օգնության և ֆինանսական աջակցության տրամադրման համատեքստում»: