Պոմպեոն Ռուսաստանին ԱՄՆ-ի թշնամի է անվանել

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը ներառվել է Միացյալ Նահանգների թշնամիների ցուցակում:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Ինձ անընդհատ հարցնում են, թե ով է ձեր թշնամին: Պատասխանը սա է՝ շատերն են ցանկանում խարխլել մեր ապրելակերպը, մեր պետությունը, ժողովրդավարական հիմնարար սկզբունքները: Ռուսաստանն ընդգրկվում է այդ ցուցակում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Լրատվական գործակալությունը նշում է, որ սովորաբար, ԱՄՆ պաշտոնյաները Ռուսաստանին նշում են որպես հակառակորդ, ոչ թե թշնամի: Ինքը՝ Պոմպեոն, այս շաբաթվա սկզբին օգտագործեց «իրական մարտահրավեր» արտահայտությունը՝ խոսելով Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքի մասին:

Պետքարտուղարը հիշեց ամերիկյան լրատվամիջոցներում հայտնված այն լուրերը, թե իբր Ռուսաստանը ներգրավված է վերջին կիբերհարձակումներում:

Նա նաև ասել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «իրական ռիսկ է նրանց համար, ովքեր սիրում են ազատությունը»: Միաժամանակ Պոմպեոն հավելել է, որ չցանկանալով նվազեցնել Ռուսաստանի սպառնալիքը՝ նա Չինաստանը համարում է ավելի կարևոր, «էքզիստենցիալ» սպառնալիք Միացյալ Նահանգների համար:

Ավելի վաղ Reuters-ը, հաղորդել էր, որ հաքերների մի խումբ, օտարերկրյա կառավարության աջակցությամբ, կարողացել է մուտք գործել ԱՄՆ գանձապետարան և Հեռահաղորդակցության և տեղեկատվության ազգային վարչություն և գողանալ նրանց տվյալները:

Ինչպես գրել է The Washington Post թերթը,  ռուս հակերները մեղադրվել են այդ օպերացիային մասնակցելու մեջ, սակայն հաղորդագրության մեջ ոչ մի ապացույց չի ներկայացվում:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը անհիմն համարեց ամերիկյան լրատվամիջոցների մեղադրանքները Մոսկվայի հասցեին: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ֆինանսների նախարարության վրա հաքերային հարձակումների մասին լուրերը, ասաց, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի դրա հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել