Լեռնային Ղարաբաղի ավելի քան 700 բնակիչ արդեն բուժօգնություն է ստացել Ռուսաստանի պաշտպանության նախարարության դաշտային հիվանդանոցում․ օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկներն բուժօգնություն են տրամադրել 95 տեղի բնակչի։
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն տրամադրել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում … Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 700 բնակիչներ որակյալ բժշկական օգնություն են ստացել ՊՆ դաշտային հիվանդանոցում, այդ թվում՝ 79 երեխա», – ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
«Քաղաքացիները, ովքեր դիմել են մեզ, խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ են ստացել տեղակայված շարժական հիվանդանոցում որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո», – հավելվում է հաղորդագրության մեջ:
Պարզաբանվում է, որ տեղի բնակիչները սովորաբար դիմում են տարբեր սրված քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների, ինչպես նաև ատամնաբուժական խնամքի համար: Ըստ պաշտպանության նախարարության՝ ստորաբաժանումներում ընդգրկված են ավելի քան 60 ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ: