«Հրամայեց ձեռնաշղթաներ հագցնել և ենթարկեց խոշտանգումների». ՄԻԵԴ-ում հաղթած քաղաքացին նոր ոստիկանապետի մասին

Երևան քաղաքի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը դաժան խոշտանգումների հեղինակ է եղել: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց խոշտանգումների զոհ դարձած բրյուսելաբնակ Գրիշա Վիրաբյանը: «Ես չէի ցանկանա մանրամասնել այդ դեպքի մասին, դա ինձ համար արդեն անցած էտապ է: Ես հաղթել եմ այդ տականքին»,- ասաց նա:

Վիրաբյանի խոսքերով ամեն ինչ դեռ վերջացած չէ. «Ես իրավաբաններ ունեմ Հայաստանում: Աշոտ Կարապետյանը և նրա նմանները միանշանակ պատժվելու են: Ինձ համար նշանակություն չունի նոր ոստիկանապետ են նշանակել կամ թե ինչ պաշտոն է զբաղեցնում: Նա պետք է պատժվի»:

Չնայած այն փաստին, որ վերջինս չցանկացավ մանրամասնել կատարվածը, սակայն Իրավաբան.net-ի թղթակցին տեղեկացրեց, որ դեռևս 2004 թվականին շատ ակտիվ մասնակցում էր բողոքի ակցիաներին. «Ինձ հետ նման կերպ վարվելու հիմնական պատճառն այն էր, որ ես երկու անգամ Արտաշատից մոտ 200 հոգի ոտքով տարել եմ Երևան հավաքի: Ինձ հետ ևս երկու խումբ է եղել, որոնց մուտքը ոստիկանությունը և Հովիկ Աբրահամյանի մարդիկ փակել էին: Նրանք հասկացան, որ ամենաակտիվը ես եմ: Երեք ամիս ինձ հետապնդում էին: Ապրիլի 24-ին պատահաբար գնացի տուն և դռան առաջ ինձ ծանոթ ոստիկանները հրավիրեցին զրույցի ոստիկանապետի հետ»:

«Ոստիկանություն տանելուց հետո քրեականի պետը ինձ հայհոյեց, խփեց: Ես նրան պատասխանեցի, այնուհետև ոստիկաններն ինձ դաժան ծեծի ենթարկեցին»,- հավելեց Գրիշա Վիրաբյանը:

Նա փաստեց, որ Աշոտ Կարապետյանը հենց առաջին անգամ ներս մտնելիս է հարվածել. «Երբ տեսավ, որ ես պատասխանում եմ` հրամայեց ձեռնաշղթաներ հագցնել և ենթարկեց խոշտանգումների»:

Զրուցակցի հաղորդմամբ հենց Աշոտ Կարապետյանի հարվածից է ինքը վնասվել, քանի որ վերջինս հարվածել է երկաթով և հագի սուր կոշիկներով. «Անընդհատ փորձում էի պաշտպանվել, որ գոտկատեղից ներքև չխփեր, իսկ նա երիկամներիս էր խփում»:

Իրավաբան.net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել