Այսօր՝ դեկտոմբերի 16-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել միջպետական հայցերի շրջանակներում նոր դիմումների վերաբերյալ, որոնք միավորվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» ընդհանուր խորագրի ներքո: Դատարանը, ինչպես նշված է իր հայտարարության մեջ, հաստատել է այդ գործերում ժամանակավոր միջոցներ կիրառելու կարևորությունը և մերժել դրանք չեղյալ համարելու Ադրբեջանի կառավարության խնդրանքը:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Ընթացիկ վերանայման հիմք է հանդիսացել Ադրբեջանի իշխանությունների վերջին դիմումը, որը ստացվել է 2020 թվականի դեկտեմբերի 3-ին: Դրանում Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ-ին խնդրել է կասեցնել միջանկյալ միջոցառումները, քանի դեռ դիմումատուները չեն ապացուցել, որ դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ):
Ադրբեջանական կողմը պնդում է, որ գերիների մասին բարձրացված հարցերը վերաբերում են միջազգային մարդասիրական իրավունքին, և դիմումատուներից ոմանք չեն կարողացել պատշաճ կերպով հիմնավորել իրենց խնդրանքը դատարանի՝ միջանկյալ միջոցների մասին 39-րդ կանոնի կիրառման վերաբերյալ, ինչպես նաև իրենց պնդումներն առ այն, որ գերիներին անդառնալի վնաս պատճառելու իրական վտանգ կա:
Այս կապակցությամբ ՄԻԵԴ-ը, դեկտեմբերի 16-ի իր որոշման մեջ նշում է, որ «ներկա պահին եզրակացության է եկել, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի ընդհանուր միջանկյալ միջոցը, ինչպես այն մեկնաբանվել է 2020 թվականի նոյեմբերի 4-ին և հասցեագրվել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին, պետք է ուժի մեջ մնա որպես հիշեցում երկու կողմերին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում իրենց պարտավորությունների մասին»: Այդ իսկ պատճառով դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության խնդրանքն այդ միջոցը չեղարկելու մասին:
Հետևաբար, դատարանը «հաստատել է վերոնշյալ ընդհանուր միջանկյալ միջոցը և վճռել է շարունակել ենթադրյալ գերիների նկատմամբ 39-րդ կանոնի կիրառման մասին դիմումի դիտարկումը»:
Դատարանը հիշեցրել է երկու կողմերին էլ 39-րդ կանոնի համաձայն ձեռնարկված բոլոր միջոցները կատարելու իրենց պարտավորության մասին: Հայտարարությունում շեշտվում է, որ ՄԻԵԴ-ը «կվերանայի այդ ընթացակարգերը»: