ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) դեկտեմբերի 14-ին հայտարարություն են տարածել, որում ասվում է․
«Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին եւ ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերը մեկնել են Բաքու դեկտեմբերի 12-ին եւ 13-ին, իսկ դեկտեմբերի 13-ին եւ 14-ին՝ Երեւան: Բաքվում նրանց ընդունել է Նախագահ Ալիեւը, հանդիպել են արտգործնախարար Բայրամովի հետ: Երեւանում նրանց ընդունել է վարչապետ Փաշինյանը, հանդիպել են արտգործնախարար Այվազյանի հետ: ՌԴ համանախագահ Իգոր Պոպովի՝ ճանապարհորդելու անկարողության պատճառով, Ռուսաստանի Դաշնությունը Բաքվում ներկայացնում էր ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, իսկ Երեւանում` ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը: Համանախագահները հանդիպել են նաեւ տարածաշրջանում գործող ԿԽՄԿ-ի եւ ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների հետ: Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նույնպես մասնակցում էր բոլոր հանդիպումներին:
Երկու մայրաքաղաքներում էլ կողմերը ներկայացրեցին իրավիճակի իրենց գնահատականը եւ հայտնեցին գալիք տարում համանախագահների ներգրավվածության վերաբերյալ ակնկալիքները: Հաշվի առնելով նոր իրողությունները՝ համանախագահները հաստատեցին տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը եւ բարեկեցությունը խթանելու եւ չկարգավորված խնդիրները լուծելու հարցերում կողմերի հետ կառուցողականորեն գործակցելու իրենց շարունակական հանձնառությունը։ Համանախագահները նաեւ պարտավորվեցին կողմերի հետագա քննարկմանը ներկայացնել կոնկրետ առաջարկներ հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ։
Վերջին միջադեպերի առնչությամբ, որոնց հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ, համանախագահները կողմերին կոչ արեցին ձեռնարկել իրավիճակի կայունացման հավելյալ միջոցներ՝ իրենց ստանձնած հանձնառությունների համաձայն։ Համանախագահները Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել են հնարավորինս արագ ավարտին հասցնել գերիների փոխանակումը եւ արագացնել զոհվածների աճյունների նույնականացման ու վերադարձի հարցերը՝ համակարգելով ԿԽՄԿ-ի հետ։
Հիշատակելով դեկտեմբերի 3-ին Տիրանայում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը՝ համանախագահները վերահաստատել են մնացած բոլոր առանցքային խնդիրների համապարփակ եւ երկարատեւ լուծման օգտին իրենց միասնական դիրքորոշումը։ Համանախագահները եւ կողմերը շեշտել են բորբոքիչ հռետորաբանությունը նվազեցնելու կարեւորությունը՝ ավելի դրական միջավայր ստեղծելու համար։ Համանախագահները եւ կողմերը նաեւ կարեւորել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը հակամարտության հետեւանքով տուժած բնակչությանը մարդասիրական օգնության, ինչպես նաեւ մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության նպատակով»։