ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննադատել է տարբեր երկրներում կորոնավիրուսի համաճարակի ընթացքում ձեռնարկված միջոցառումները, ինչպես նաև ասել է, որ աշխարհը համաճարակի հետևանքների պատճառով ամենամեծ գլոբալ անկման առաջ է կանգնած։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Համաճարակի սոցիալական և տնտեսական ազդեցությունը հսկայական է, և այն շարունակում է սաստկանալ: Ոչ մի պատվաստանյութ չի կարող փոխել արդեն հասցված վնասը: Մենք ութ տասնամյակների ընթացքում ամենամեծ գլոբալ անկման առջև ենք կանգնած: Ծայրահեղ աղքատությունը, սովի սպառնալիքը աճում է», – ասել է Գուտերեշը:
Նա նաև բացասաբար է գնահատել ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակին ի պատասխան ձեռնարկված միջոցառումները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով ՝ «երկրների կառավարությունները չեն ստանձնել համատեղ պատասխան այս գլոբալ սպառնալիքին»: Գուտերեշը կարծիք է հայտնել, որ արձագանքը համաճարակին «մասնատված և քաոսային» էր:
«Երկրները, մարզերը և նույնիսկ քաղաքները միմյանց հետ մրցում էին առաջին անհրաժեշտության ապրանքների և առաջատար աշխատողների մատակարարման համար», – ասել է նա: