Դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը համալրելու նպատակով անցկացվել է արտահերթ որակավորման ստուգումներ: Դրանք անցկացվում են երկու փուլով` գրավոր և բանավոր:
Այս տարի գրավոր քննության փուլը կայացավ մարտի 4-ին Ֆրանսիական համալսարանում: Վերջինիս մասնակցության հայտ էր ներկայացրել 70 հավակնորդ: Որպես առաջադրանք ստուգման գրավոր քննության համար նրանց հանձնարարված էր լուծել հանրային իրավահարաբերություններից բխող երկու խնդիր: Լուծման արդյունքում մասնակիցները պետք է կայացնեին «դատական ակտ»` պահպանելով դատական ակտի համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր պահանջները: Այնուհետև աշխատանքները ստուգվում են հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է երեք դատավորից: Նրանց աշխատանքն իրականացվում է գաղտնի և դռնփակ ընթացակարգով:
Կան որոշակի չափանիշներ, որոնցով հավակնորդի գրավոր աշխատանքը ստուգելիս և գնահատելիս առաջնորդվում է հանձնաժողովը Դրանք են. հավակնորդի իրավական գիտելիքներ, վերլուծական միտք, իրավաբանական գրավոր խոսքի սահունություն, քննական խնդրի լուծում (դատական ակտի եզրափակիչ մասի տրամաբանական շաղկապվածությունը վերլուծական մասի հետ): Գրավոր աշխատանքի յուրաքանչյուր խնդիր գնահատվում է 100 միավոր համակարգով: Վերջում, հանրագումարային միավորը հաշվարկվում է գրավոր քննության յուրաքանչյուր խնդրի համար ստացած գնահատականի գումարմամբ:
ՀՀ դատական օրենսգրքի 116-րդ հոդվածի առաջին մասի համաձայն գրավոր քննության արդյունքները ենթակա են հրապարակման:
Օրենքում նշում է հետևյալը. ‹‹ՀՀ դատական դպրոցի կառավարման խորհուրդը հրապարակում է ստուգման արդյունքներով դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների արդյունքները ներկայացնում է Արդարադատության խորհրդին` դատավորների թեկնածությունների ցուցակում ներառելու նպատակով››:
Մրցույթի մասնակիցներից Կարեն Հովհաննիսյանը Իրավաբան.net-ին ներկայացրեց գրավոր քննության անցկացման կարգը: ‹‹Նախևառաջ խնդիրները բաժանվում են յուրաքանչյուրին անվանական նշված փակ ծրարներով: Բացի այդ բոլոր մասնակիցներին նույն տարբերակն է բաժին ընկնում, իսկ քննության ավարտից հետո չեն հրապարկվում խնդիրների լուծման ճիշտ տարբերակները: Այդ իսկ պատճառով մրցույթի մասնակիցները չեն կարողանում իմանալ, թե ինչումն է դրսևորվել իրենց բացթողումը կամ սխալ հանգուցալուծումը:
Նշված հարցերի շուրջ Իրավաբան.net-ը զրուցեց փաստաբան Կարեն Քոչարյանի հետ: Վերջինս, հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները հաստատեց, որ դատավորների որակավորման քննության ներկայումս սահմանված կարգն իրենից կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. ‹‹Նախևառաջ, երբ ծրարները բաժանվում են յուրաքանչյուրին անվանական՝ անուն-ազգանունը նախապես նշված և փակ, ապա դա մեծացնում է կոռուպցիոն հնարավորերևույթների դրսևորման հավանականությունը: Ուստի հարկավոր է այդ գործընթացն ավելի թափանցիկ դարձնել: Հաջորդ ռիսկը վերաբերում է խնդիրների լուծման տարբերակներին. խնդիրները ոչ թե պետք է բոլորինը նույնը լինեն, այլ հարկավոր է պահպանել գաղտնիության և մասնակիցներին տարբերակների ընտրության պստահականության սկզբունքը››: Ինչպես նշեց փաստաբանը, գրավոր քննությունից հետո խնդիրների լուծման ճիշտ պատասխանները չհրապարակելը ևս իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկ. ‹‹Դրանք պետք է հրապարակվեն, որպեսզի մասնակիցները կարողանան տեսնել իրենց բացթողումները, ինչպես նաև ապահովվի արդյունքների վիճարկման համակողմանիությունը››:
2013 թվականի ապրիլի 5-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ: Որի ընթացքում անցակցվեց երկրորդ` հարցազրույցի փուլը: Տասնիհինգ թեկնածուներից ընտրվեցին առավելագույն ձայներ ստացած տասը, որոնց թեկնածությունները պետք է ներկայացվի ՀՀ նախագահի հաստատմանը: Այս փուլի անցակացումը սահմանվում է ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածը, համաձայն որի արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է առաջարկված թեկնածությունները և հրավիրում նրանց զրույցի: Այնուհետև անցկացվում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն, որտեղ յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում է «կողմ եմ» բառերը:
Նախորդ` գրավոր փուլում, օրենքը հստակ սահմանում էր, որ արդյունքերը պետք է հրապարակվեն, ինչը գործընթացը ինչ-որ չափով դարձնում էր թափանցիկ: Հարցազրույցի ժամանակ օրենքը նման բան չի սահմանում: Հետևաբար արդյունքները չեն հրապարակվում: Այսինքն` հանրության համար անհայտ է, թե թեկնածուներից յուրաքանչյուրը քանի ձայն է հավաքել:
Երևանի հակակոռուպցիոն կետրոնի ղեկավար Մարատ Ատովմյանը հաստատեց, որ այս փուլում ևս առկա է կոռուպցիոն ռիսկ. ‹‹Այս փուլում բացակայում է թափանցիկությունը, իսկ որտեղ չկա թափանցիկություն այնտեղ կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր: Այս տեսակետից ուսումնասիրելով խնդիրը, կարծում եմ որ պետք է վերանայվի այս կետը և բանավոր փուլի արդյունքների ամփոփումը և դրա հետ կապված քվեարկության արդյունքները նույնպես պետք է հրապարակվեն և ցանկացած անձ կարողանա այդ տեղեկատվությունը ստանա բաց աղբյուրներից››:
Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրով սահմանված է այս կետի վերանայումը: Ծրագրում նշվում է հետևյալը.
Դատավորների ընտրության համար պատասխանատու մարմնի ընթացակարգերը պետք է թափանցիկ լինեն` դիմորդներին իրենց պահանջով տրամադրելով որոշման հիմքում ընկած հիմնավորումները: Դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի օբյեկտիվության պահանջներից է ուղղակիորեն բխում դատավորների որակավորման ստուգման գործընթացի փուլ կազմող Արդարադատության խորհրդում հարցազրույցի թեմայի և ընթացակարգերի հստակեցումը:
Կենտրոնի ղեկավարը, վկայակոչելով հետևյալ դրույթը, հույս հայտնեց, որ թափանցիկության այս մեխանիզմը հնարավորինս շուտ կներդրվի Հայաստանում և ըստ էության կփարատի այդ ոլորոտում կոռուպցիայի առկայության վերաբերյալ բոլոր կասկածները:
Լուսանկարը` dataran.am-ի
Արև Ավագյան
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: