Այսօր շարունակվեց փորձագիտական աշխատաժողովը ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2012- 2016թթ. ռազմավարական ծրագրի իրականացման վերաբերյալ:
Մասնակիցները քննարկեցին երեկվա ժողովի ժամանակ արծարծված հարցերը` փորձելով գալ ընդհանուր համաձայնության:
Բացման խոսքով հանդես եկավ ԺՀՄԻԳ օրենքի գերակայության բաժնի ղեկավար Բենջամին Մորեաուն: Վերջինս շնորհավորեց և շնորահակալություն հայտնեց ժողովի մասնակիցներին, այնուհետև խոսքը փոխանցեց ԺՀՄԻԳ օրենքի գերակայության բաժնի ղեկավար Էվա Կատինկա Շմիտդին: Նա ներկայացրեց, նախորդ օրվա երեք նիստերի ամփոփումը:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը մի քանի կետերի հետ չհամաձայնեց, մասնավորապես կապված դատական վարչարարության և ինքնակառավարման մարմինների բարեփոխման հետ: Ըստ նրա` արդարադատության խորհրդից բացի այլ անձանց ներառելով դատավորների ինքնակառավարման մարմիններում, խնդիրին լուծում չի տրվում. «Այստեղ առաջանում է այն հարցը, որ եթե այդ քայլերը նախատեսված չէ որպես ռազամավարական նպատակ, ապա պրակտիկ տեսանկյունից մենք որևէ խնդիր չենք լուծում: Ընդհակառակը խնդիր է առաջանում, քանի որ բազում քննարկումներ անցած ռազմավարությունը նորից պետք է վերանայվի: Ես դրան դեմ չեմ, պարզապես կարծում եմ, որ այս փուլում այդ քայլերը չեն իրականացվի»:
Դրան ի պատասխան ԺՀՄԻԳ փորձագետ Լեոնիդ Գոլովկոն տեղեկացրեց, որ եվրոպական ստանդարտներին համաձայն այն մարմինը, որը կառավարում է դատական համակարգը, այսինքն` զբաղվում է դատավորների ընտրության և վերապատրաստման հարցերով, ինչպես նաև կարգապահական էթիկայի հարցերով, պետք է լինի ինքնակառավարման մարմին, որը պարտադիր չէ բաղկացած լինի միայն դատավորներից. «Միևնույն ժամանակ եվրոպական ստանդարտների դեմ չէ, եթե միայն դատավորներ լինեն դրա կազմում, բայց խնդիրն այն է, արդյոք դա նպատակահարմար է, թե ոչ: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ այնքան էլ ողջամիտ չէ, երբ երկարաժամկետ կտրվածքով միայն դատավորներն են զբաղվում իրենց հարցերով: Թափանցիկության համար հարկավոր է, որ ներգրավված լինեն նաև այլ անձինք»:
Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի կարծիքով` այս հարցը քննարկելիս պետք է ուշադրություն դարձնել արդարադատության խորհրդի և դատարանների նախագահների լիազորություններին. «Փորձագետների կողմից նշված կետերը մտնում են արդարադատության խորհրդի լիազորությունների մեջ, որտեղ ապահովված է հանրության մասնակցությունը»:
Մուրադյանը նրա խոսքին հավելեց. «Մեզ հորդորում են անել այն, ինչը ամրագրված է իրավական ակտերով և մենք այսպես թե այնպես պարտավոր ենք անել: Իսկ, եթե օրենքի նախագծի հետ կապված ենթադրվում է հանրային լայն քննարկումներ ապա մենք պատրաստ ենք դրան և ամրագրելու կարիք չկա»:
Վերջում Էվա Կատինկա Շմիտդը նշեց, որ այս ամենից ելնելով պետք է խոսել ընթացակարգերի լրացուցիչ քննարկումների մասին, որպեսզի փաստաբանները և հասարակության ներկայացուցիչները կարողանան լինել որպես դիտորդ, այլ ոչ թե անդամ:
Այսպիսով, այս երկու օրվա ընթացքում տեղի ունեցած աշխատաժողովի ընթացքում քննարկեցին այն բարեփոխումները, որոնք պետք է արվեն դատական համակարգում և Հայաստանն ունենա եվրոպական չափանիշներին համապատասխան դատական համակարգ: Մնում է միայն սպասել և տեսնել, թե երբ հայ ժողովուրդը կզգա դատաիրավական բարեփոխումների դրական արդյունքը:
Արև Ավագյան
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ:
Աղբյուրը` Իրավաբան.net