ԵԱՀԿ Մինսկի խումբը պահանջում է Լեռնային Ղարաբաղից դուրս բերել օտարերկրյա բոլոր վարձկաններին նաև կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին երկարաժամկետ և հուսալի խաղաղության պայմանագիր կնքել:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Արտասահմանցի բոլոր վարձկանները պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի տարածքից, Բաքուն և Երևանը պետք է նպաստեն այս գործընթացին: Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հրապարակված Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ պատվիրակությունների ղեկավարների՝ ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համատեղ հայտարարության մեջ:
«Մինսկի խմբի համանախագահները պահանջում են տարածաշրջանից արտասահմանյան բոլոր վարձկանների ամբողջական և անհապաղ դուրսբերումը և բոլոր կողմերին կոչ են անում հեշտացնել այդ գործընթացը», – ասվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանի հայտարարության մեջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել նաև Հայաստանին ու Ադրբեջանին երկարաժամկետ ու հուսալի խաղաղության պայմանագիր կնքել:
«Համանախագահող երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում օգտագործել գործող հրադադարը՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո երկարաժամկետ և կայուն խաղաղության պայմանագիր կնքելու համար», – ասվել է հայտարարության մեջ:
Բացի այդ, նրանք կոչ են արել Բաքվին և Երևանին պայմաններ ապահովել համանախագահող երկրների ներկայացուցիչների այցի համար`« առարկայական բանակցություններ սկսելու, բոլոր չլուծված խնդիրները լուծելու նպատակով»: