Ադրբեջանի նախագահը մեղադրել է Ֆրանսիային, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, խնդրի լուծմանը չօժանդակելու համար:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որով կառավարությանը կոչ էր անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ադրբեջանի ղեկավարը խորհուրդ է տվել նրանց, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ «երկրորդ հայկական պետության» ստեղծման մեջ, իրենց տարածքի մի մասը հատկացնել դրա համար և չօտարել «օրինական ադրբեջանական հողերը»:
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է Հայաստանին տարածք տրամադրել՝ երկրորդ պետության ստեղծման համար, ապա թող տա իր տարածքի մի մասը, թող այնտեղ ստեղծի երկրորդ հայկական պետություն: Այստեղից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող երկրներն այժմ օրենքներ են ընդունում, խորհրդարանները քննարկում են այդ հարցը»,- այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ասել է Ալիևը՝ ազգին ուղղված իր ուղերձում:
Նա նաև մեղադրել է Ֆրանսիային, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, հարցի լուծմանը չօժանդակելու համար:
«Քանի՞ տարի է Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ: Արդյո՞ք որևէ բան նա ձեռնարկել է։ Եթե հայերը ձեզ դուր են գալիս, ապա, ինչպես պատերազմի ժամանակ ասացի, տվեք Մարսել քաղաքը, փոխեք անունը, այնտեղ նրանց համար ստեղծեք երկրորդ պետություն: Բայց ոչ ոք չի կարող խառնվել մեր գործերին », – ասել է Ալիևը: