«Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որի աշխատակազմում երկու երկրների ներկայացուցիչների թիվը կլինի հավասար»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր հրադադարի ռեժիմը վերահսկելու նպատակով Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու համար Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրելու մասին:
«Համաձայն Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի՝ համաձայնություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի վերահսկման և բոլոր ռազմական գործողությունների ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման և գործարկման կարգի վերաբերյալ: Կենտրոնը գտնվելու է Ադրբեջանում: Ռուս և թուրք անձնակազմերը համատեղ կենտրոնի կազմակերպական կառուցվածքում կլինեն հավասար քանակի», – ասել է Կոնաշենկովը: