Ի՞նչ պարբերությամբ այժմ պետք է իրականացվի տեխզննումը․ ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում բանկերին

Թարմացում․ 2021 թվականի հունվարի 20-ին Ազգային ժողովը օրենք է ընդունել, որի համաձայն տեխզննության կտրոնի ու տեխզննության պարբերականության փոփոխություններ են կատարվել։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքի 15-րդ հոդվածով սահմանվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը։

Իրավաբան.net-ը ներկայացնում է, որ հոդվածի համաձայն․

1. Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են տեխնիկական զննության:

2. Տրանսպորտային միջոցի առաջին տեխնիկական զննությունը կատարվում է նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը:

Նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը կատարվում է տրանսպորտային միջոցի հաշվառմանը հաջորդող տարում` մինչև հաշվառման կտրոնի վրա նշված (փակցված կամ դակված) ամսվա վերջին օրը: Այդ տրանսպորտային միջոցներին հաշվառման համարանիշի հետ տրվում է հաշվառման կտրոն, որը պետք է փակցվի տեխնիկական զննության կտրոնի համար նախատեսված տեղում:

3. Տրանսպորտային միջոցի երկրորդ և հետագա տեխնիկական զննությունները կատարվում են հետևյալ պարբերականությամբ.

ա) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները` կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրոլեյբուսները, ավտոբուսները և մարդատար-տաքսի ավտոմոբիլները (բացառությամբ մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլների)` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ.

բ) տրանսպորտային միջոցները, դրանց թողարկման տարվան հաջորդող չորրորդ տարին ներառյալ (բացի սույն մասի «ա» կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ.

գ) տրանսպորտային միջոցները, այդ թվում` մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլները, դրանց թողարկման տարվան հաջորդող հինգերորդ տարվանից սկսած, իսկ ինքնաշեն կամ թողարկման տարին չճշտված տրանսպորտային միջոցները (բացի սույն մասի «ա» կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

Տրանսպորտային միջոցը սույն մասի պահանջին համապատասխանող տարում տեխնիկական զննություն պետք է անցնի մինչև նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված կտրոնի վրա նշված ամսվա վերջին օրը:

4. Տեխնիկական զննությունն իրականացնում են տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունները, բացառությամբ տրոլեյբուսների, որոնց տեխնիկական զննությունն անցկացնում են դրանք շահագործող կազմակերպությունները:

ՀՀ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ պետական պահպանության ծառայության և ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացվում է համապատասխան պետական մարմինների իրավասու ստորաբաժանումներում` պետական մարմինների ղեկավարների հրամանով սահմանված կարգով:

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության սակագների ձևավորման սկզբունքները և դրանք հաստատող պետական մարմինը սահմանվում են օրենքով:

5. Լիցենզիայում պետք է նշվի շահագործվող հոսքագծերի քանակը` ելնելով լիցենզիայի գործողության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակից: Լիցենզավորված անձը կարող է իր հոսքագծերը տեղակայել իր լիցենզիայի գործողության տարածքի մեկ կամ մի քանի վայրերում: Լիցենզավորված անձն իրավունք չունի իրականացնելու տրանսպորտային միջոցների առուվաճառք, տրանսպորտային միջոցների վերանորոգում, տրանսպորտային միջոցները վարձակալությամբ տալու գործունեություն:

6. Տեխնիկական զննության արդյունքում շահագործման պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցի համար զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրամադրում է սահմանած նմուշի կտրոն, որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա` վարորդի կողմից առջևի հողմապակու ներքևի աջ անկյունում, բացառությամբ կցորդի (կիսակցորդի), որի տեխնիկական զննության կտրոնը պետք է գտնվի քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի մոտ:

7. Կտրոնը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ: Կտրոնները լիցենզավորված անձին տրամադրում է ՀՀ կառավարության լիազոր մարմինը` հօգուտ պետական բյուջեի գանձելով օրենքով սահմանված պետական տուրք յուրաքանչյուր միավորի համար:

Կառավարության 2011թ. մարտի 11-ի N 350-Ն որոշման համաձայն․

  • Սեփականատերերը կամ սեփականատիրոջ ներկայացուցիչներն իրավունք ունեն տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության ներկայացնելու նախորդ տեխնիկական զննության ժամանակ սահմանված ժամկետից շուտ:
  • Հաջորդ տեխնիկական զննության ժամկետը հաշվարկվում է վերջին տեխնիկական զննության անցկացման օրվանից:

Նույն որոշման համաձայն,  տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնը հնարավոր է ձեռք բերել երկու եղանակով.

1. ՀՀ բանկերից,

2.  www.e-payments.am  պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, բացառությամբ նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների։

Տեխնիկական զննության կտրոն ստանալու համար տիրապետողը բանկերին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերի բնօրինակները`

1) տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը (հաշվառման վկայագիրը) կամ տեխնիկական կտրոնը, իսկ նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ` տրանսպորտային միջոցի մաքսային փաստաթղթերը.

2) մեխանիկական տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը կամ պարտքերի չափի վերաբերյալ տեղեկանքը` բանկում համապատասխան վճարում կատարելու նպատակով: Նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա մեխանիկական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ գույքահարկի պարտավորությունների կատարման մասին տեղեկանքը չի ներկայացվում:

Հավելենք, որ կառավարությունն Ազգային ժողով է ուղարկել ավտոմեքենայի տեխզննության վերաբերյալ օրենքի նախագիծ, որով մի շարք փոփոխություններ են նախատեսվում տեխզննման հետ կապված։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել