Այսօր տեղի ունեցավ փորձագիտական աշխատաժողով ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի իրականացման վերաբերյալ:
Աշխատաժողովի բացման խոսքով հանդես եկավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկին: Նա ուրախությամբ նշեց, որ նախորդ նմանատիպ սեմինարի ժամանակ հնչած մի շարք առաջարկություններ արտացոլվել են այս ռազմավարական ծրագրում:
Նրա խոսքերով` դատական անկախության մեկ օրում հասնել հնարավոր չէ. «Ուժեղ դատական համակարգ ունենալը չափազանց անհրաժեշտ է մյուս բոլոր հիմնարար արժեքները պաշտպանելու, ինչպես նաև տնտեսական զարգացման և արտասահմանյան ներդրումներ գրավելու համար: Դատաիրավական բարեփոխումների նպատակը պետք է լինի դատական համակարգի արդյունավետության և վստահության մակարդակի բարձրացումը»:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը կարևորեց դատական անկախ իշխանության ստեղծումը: Այն ենթադրում է ոչ միայն անկախություն իշխանության մյուս ճյուղերից, այլև` ներքին անկախություն: Այսինքն`ավելի ցածր ատյանների անկախությունը վերին ատյաններից, ինչպես նաև դատավորի անկախությունը դատարանի նախագահից:
Ըստ նախարարի պաշտոնակատարի` ցանկացած երկրի զարգացվածության աստիճանն ուղիղ համեմատական է տվյալ երկրի դատական իշխանությանը. «Մենք բավական երկար ճանապարհ ենք գնացել, բայց զարգացման յուրաքանչյուր ճանապարհ նոր խնդիրներ է առաջ բերում, որոնք պետք է փորձել հաղթահարել: Մեր այս բարեփոխումների ծրագիրը հունի մեջ և իր ժամանակացույցով անգամ որոշակի առաջ է ընկած»:
Աշխատաժողովի ժամանակ դատաիրավական բարեփոխումների ծրագրի վերաբերյալ իր կարծիքն արտահայտեց նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը. «Դատաիրավական բարեփոխումների այս փուլը նվիրված է դատավորների ներքին անկախության ապահովմանը: Մեր ռազմավարությունը միտված է հենց այդ խնդրի լուծմանը: Եթե մենք դնում ենք այս կառույցի հիմքերը, պետք է այնպես դնենք, որ մի քանի տարի անց այլևս դատաիրավական բարեփոխումների կարիք չզգանք»:
ԺՀՄԻԳ օրենքի գերակայության բաժնի ղեկավար Բենջամին Մորեաուն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին բաց և սերտ համագործակցության համար, ապա նշեց, որ դատական անկախությունը օրենքի գերակայության կարևորագույն մասն է և շատ կարևոր է իշխանությունների տարանջատման համար. «Բարեփոխման այս ծրագիրը շեշտում է, որ դատական համակարգի և օրենսդրության գոյությունը` որպես մարդու իրավունքների պաշտպանության միջոց, Հայաստանում առաջանային խնդիրներից մեկն է: Այսօրվա մեր նպատակն է աջակցել այս ջանքերին և նպաստել դատական անկախությանն այս երկրում»:
Աշխատաժողովի եզրափակման խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Դեյվիդ Կուպինան: Վերջինս հավաստիացրեց, որ ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի իրականացումը շատ կարևոր է Եվրոպայի խորհրդի համար:
Արև Ավագյան
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ:
Աղբյուրը` Իրավաբան.net