Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության օպերատիվ գործողությունների արդյունքում Մոսկվայի շրջանում ահաբեկչություններ են կանխվել, որոնք կազմակերպված են եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից։ Այս մասին հաղորդում է RiaNovosti-ն։
«Արմատական իսլամիստների գտնվելու վայրերում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք՝ լցված վտանգավոր տարրերով, այլ իրեր և փաստաթղթեր», – ասվում է հաղորդագրության մեջ:
Վլադիմիրսկի շրջանում ուժայիններին հաջողվել է բերման ենթարկել խմբի անդամներից մեկին՝ Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացու: Մյուս կասկածյալների գտնվելու վայրը չի հստակեցվում։
Անվտանգության ծառայությունը նաև տեղեկություններ ունի այն մասին, որ կազմակերպության անդամները հավաքագրել են կռվողների, և գումարներ հավաքել՝ ահաբեկիչների կարիքների համար:
Միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում սա Ռուսաստանում ահաբեկչությունների կանխման առնվազն չորրորդ դեպքն է: Այս աշնանը ուժայինները կանխել են ահաբեկչություններ Մոսկվայում, Վոլգոգրադում և Ստավրոպոլում: