Թուրքիայում չի բացառվում ավելի ուժգին երկրաշարժը

Թուրքիայի Իզմիր քաղաքում փրկարարները շարունակում են նախորդ օրը տեղի ունեցած 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով փլուզված շենքերից դիակների դուրսբերման աշխատանքները: Մինչ այժմ գրանցվել է ավելի քան 800 վիրավոր, կան մոտ երեք տասնյակ մահացածներ: Սակայն մահացած անձանց թիվը ճշգրիտ չի հայտարարվում, քանի որ ավելի քան 180 անձանց այստեղ դեռեւս չեն հայտնաբերել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Երկրաշարժի արդյունքում, որը հարվածել էր նաեւ Հունաստանին, թուրքական Իզմիր քաղաքում փլուզվել է քսան շենք: Որոնման աշխատանքներն ավարտված են համարվում դրանցից ութում:

Մոտակայքում կառուցվել են վրանային ժամանակավոր ճամբարներ, որտեղ այս պահին գտնվում է Թուրքիայի 2000 քաղաքացի: Այստեղ փրկարարական աշխատանքները մեծապես տուժում են հետերկրաշարժային ցնցումների պատճառով: Մինչ այժմ գրանցվել է ավելի քան 400 հետերկրաշարժային ցնցում:

Չի բացառվում ավելի ուժգին երկրաշարժ տեղի ունենալու հնարավորությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել