Մինչև 15 տարվա ազատազրկում՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելու համար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, ըստ որի խստացվում են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ մի շարք արարքների համար նախատեսված պատժամիջոցները:

Իրավաբան.net-ը ներկայացնում է օրենսգրքի վերջին փոփոխությունները։

– 327-5 -րդ հոդվածով սահմանվում է այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը, որի համաձայն․

1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև ծառայության վայրից արձակվելիս, նշանակվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատությունից առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության վայր չներկայանալը երեք oրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկից երեք oր տևողությամբ` պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 1 տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, եթե ինքնակամ բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի, բայց այլընտրանքային աշխատանքային ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով` պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում են ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ` պատժվում են ազատազրկմամբ` 6-12 տարի ժամկետով (նախկինում՝ 3-8 տարի):

5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած այլընտրանքային աշխատանքային ծառայողը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք oրվա ընթացքում մեղայականով ներկայացել է ծառայության վայր, իրավապահ կամ պետական իրավասու մարմիններ:

 

– Օրենսգրքի 327-5-րդ հոդվածով նախատեսված են այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելու համար պատիժները, ըստ որոնց․

1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում են ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ` պատժվում են ազատազրկմամբ` 8-15  տարի ժամկետով (նախկինում՝ 6-12 տարի):

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած այլընտրանքային աշխատանքային ծառայողը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք oրվա ընթացքում մեղայականով ներկայացել է ծառայության վայր, իրավապահ կամ պետական իրավասու մարմիններ:

 

Օրենսգրքի 327-5-րդ հոդվածով սահմանվում են ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելու համար նախատեսված պատիժները․

1. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրած անձի կողմից պատժից ազատվելու պահից Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված ժամկետում առանց հարգելի պատճառների` պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու նպատակով հաշվառման կամ փաստացի բնակության վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը` զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակվելու` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում` պատժվում է տուգանքով՝ 200․000-600․000 դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով (նախկինում՝ 50․000-200․000 դրամի չափով, կամ կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 1 տարի ժամկետով

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով (նախկինում՝ 1-3 տարի):

 

Մյուս փոփոխություններին ծանոթացեք այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել