Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, ըստ որի խստացվում են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ մի շարք արարքների համար նախատեսված պատժամիջոցները:
Իրավաբան.net-ը ներկայացնում է օրենսգրքի վերջին փոփոխությունները։
– 327-րդ հոդվածով սահմանվում են ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու համար նախատեսված պատիժները․
1. Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով,
2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝ պատժվում է կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-5 տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`պատժվում է ազատազրկմամբ` 6-12 տարի ժամկետով (նախկինում՝ 4-8 տարի):
– Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու համար պատիժները նախատեսված են 327-6 հոդվածով․
1. Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք սահմանված կարգի խախտմամբ մուտք գործելը` պատժվում է տուգանքով` առավելագույնը 500․000 դրամի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`պատժվում է կալանքով` 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մինչև 1 տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
- բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
- զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,
- անձի առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է ազատազրկմամբ` մինչև 5 տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում` պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով (նախկինում՝ 5-8 տարի):
– Օրենսգրքի 328-րդ հոդվածում նշվում է պատերազմի ժամանակ պարհակներ կատարելուց կամ հարկեր վճարելուց խուսափելու համար նախատեսված պատիժը․
Պատերազմի ժամանակ աշխատանքի մոբիլիզացիայից կամ այլ պարհակներ կատարելուց, ինչպես նաև հարկեր վճարելուց խուսափելը՝ պատժվում է կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-5 տարի ժամկետով (նախկինում՝ առավելագույնը 4 տարի):
– 356-րդ հոդվածով էլ սահմանվում է հրաման չկատարելու համար նախատեսված պատիժը․
1. Պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որն էական վնաս է պատճառել ծառայության շահերին՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, կամ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` 1-3 տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` 1-5 տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով (նախկինում՝ 5-15 տարի):
4. Հրամանը չկատարելը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:
5. Սույն գլխով նախատեսված զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք և վարժական հավաքներ անցնող զինապարտները (այսուհետ` զինծառայող):
6. Սույն գլխում պետ (հրամանատար) է համարվում ծառայողական դիրքով կամ զինվորական կոչումով բարձր այն անձը, որը տվյալ իրավահարաբերության շրջանակում եղել է տվյալ զինծառայողի վերադասը, այսինքն` ունեցել է իր լիազորություններից բխող հրամաններ, կարգադրություններ տալու և դրանց կատարումն ապահովելու իրավասություն:
7. Սույն գլխում գույքային վնասի դեպքում էական վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը:
8. Սույն գլխում գույքային վնասի դեպքում ծանր հետևանք է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը:
– 361-րդ հոդվածը, որով սահմանվում է զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար պատիժը՝ նշվում է․
1. Երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը`պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 2 տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից` պատժվում են կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` 1-2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` 1-2 տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պատիժը կարգապահական գումարտակում կրող զինծառայողի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 1-2 տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են սպայի կամ ենթասպայի կողմից՝ պատժվում են զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ մասերով նախատեսված արարքները, եթե ինքնակամ բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի, բայց զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով՝ պատժվում են զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը 1-2 տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ`1-4 տարի ժամկետով:
6. Սույն հոդվածի երրորդ կամ չորրորդ կամ հինգերորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից` պատժվում են ազատազրկմամբ` 1-5 տարի ժամկետով:
7. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում են ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով (նախկինում 3-8 տարի):
8. Սույն հոդվածով, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքի, նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
– Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով էլ սահմանված է պատիժը դասալքության համար․
1. Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով:
2. Դասալքությունը, որը կատարվել է ծառայության համար վստահված զենքով կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով:
3. Դասալքությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով (նախկինում՝ 6-12 տարի):
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա ընթացքում մեղայականով ներկայացել է զորամաս, ծառայության վայր, իրավապահ կամ պետական այլ մարմիններ: