Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ջիվան Վարդգեսի Օհանյանի նկատմամբ կիրառվել է ծառայությունից ազատում կարգապահական տույժը, և 2013 թվականի ապրիլի 3-ից ազատվել է քրեակատարողական ծառայությունից։
Արդարադատության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Օհանյանն աշխատանքից ազատվել է ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դատապարտյալի և նրա հարազատների հետ անթույլատրելի կապերի մեջ գտնվելու, դատապարտյալին տեսակցության այցելած կնոջ՝ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու ժամանակ հագուստների և անձնական իրերի զննությունը սահմանված կարգով չկազմակերպելու համար:
Նախարարի այս հրամանի համար հիմք են հանդիսացել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության արդյունքներով ներկայացված եզրակացությունը, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանի միջնորդությունը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net