Թուրքիան և մի շարք այլ երկրներ պետք է զերծ մնան Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության սրմանը նպաստող քաղաքականությունից: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունում Եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեմենտ Բոնը՝ Radio GI-ին տված հարցազրույցում:
«Ֆրանսիան ձգտում է հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը և հաշտեցմանը Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին այն Մինսկի խմբի համանախագահն է, որին հաջողվել է հասնել ռազմական գործողությունների դադարեցման: Այժմ անհրաժեշտ է ապահովել, որ կողմերի, ինչպես նաև որոշ ազդեցիկ երկրների միջեւ բանակցություններ սկսվեն: Մասնավորապես, Թուրքիան պետք է դադարեցնի ղարաբաղյան հակամարտության կրակին յուղ լցնելը, ինչպես դա տեղի է ունենում հիմա», – ասել է նա։
Միևնույն ժամանակ, Բոնը վճռականորեն մերժել է ընթացիկ իրադարձությունների համեմատությունը 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ։
«Մենք չպետք է կոպիտ և հարկադրական համեմատություններ անենք: Բարեբախտաբար, այժմ մենք գործ չունենք ցեղասպանության իրավիճակի հետ, ինչպես դա եղավ 1915 թվականին», – ասել է նա:
Միևնույն ժամանակ, դիվանագետը նշել է. «Միանգամայն ակնհայտ է, որ օգտագործվում է ազգայնականության գաղափարախոսությունը, բայց մենք չենք շարժվում դեպի այդպիսի ողբերգական իրավիճակ, ինչպիսին այդ տարիներին է եղել: Եվ այդ երկու իրավիճակները համեմատելը կոպիտ անարդարություն կլինի ցեղասպանության զոհերի նկատմամբ և պատմական սխալ»:
Պետքարտուղարը այս կապակցությամբ հիշեցրել է, որ ժամանակին Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը «և դա հանգեցրեց Թուրքիայի հետ հարաբերությունների բարդացմանը»: «Բայց մենք չէինք կարող չհարգել զոհերին և անկեղծորեն չասել, թե ինչ է պատահել», – ասաց Բոնը: