Իտալիայում այժմ հնարավոր է ուտել պիցցա` վճարելով դրա համար 8 օրվա ընթացքում. Պատկերացնենք նման իրավիճակ Հայաստանում

Իտալիայի Նեապոլ քաղաքում այժմ հնարավոր է ուտել պիցցա` վճարելով դրա դիմաց ոչ թե այդ պահին, այլ 8 օրվա ընթացքում:

italia-ru.com կայքի փոխանցմամբ` նման նախաձեռնությամբ հանդես է եկել քաղաքի Via Tribunali փողոցում գործող պիցցերիան, որի խոհարարը նշել է, որ նման նախաձեռնություններ պետք է շատ անել` նկատի ունենալով, որ երկրում տիրում է տնտեսական ճգնաժամ:

Նա նաև հավելել է, որ ինքը վստահում է նեապոլիտանցիներին, քանի որ նման ավանդույթ Իտալիայում եղել է վաղուց, և որևէ մեկը մինչ օրս հուսախափ չի արել. նեապոլիտանցիները միշտ վճարել են պիցցայի համար:

Փաստորեն, ստացվում է, որ վերը նշված գործարքի համար իտալացիները կարող են վճարել ոչ թե գործարքի կնքման պահին, այլ 8-օրյա ժամկետում:

Նշենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

Գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձևով:

Գործարքը, որը կարող է կնքվել բանավոր, համարվում է կնքված նաև այն դեպքում, եթե անձի վարքից ակնհայտ է գործարք կնքելու նրա կամքը:

Գործարքը, որի համար օրենքով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձև, կարող է կնքվել բանավոր:

Բանավոր կարող են կնքվել կնքման պահին կատարվող բոլոր գործարքները, բացառությամբ այն գործարքների, որոնց համար սահմանված է նոտարական ձև, և այն գործարքների, որոնց հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրանց անվավերության, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:

Սույն գործարքը համարվում է կնքման պահին կատարվող, ուստի դասվում է բանավոր գործարքների շարքին:

Հանրային ծննդի օբյեկտի և հաճախորդի միջև կնքված` պիցցա ձեռք բերելու մասին պայմանագիրը, ըստ էության, համարվում է մանրածախ առուվաճառքի պայմանագիր:

Այսպես.
Մանրածախ առուվաճառքի պայմանագրով ապրանքների մանրածախ վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող վաճառողը պարտավորվում է գնորդին հանձնել ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանք:
Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը հրապարակային պայմանագիր է:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 442-րդ հոդվածի` հրապարակային է համարվում առևտրային կազմակերպության կնքած և ապրանքներ վաճառելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու նրա պարտականությունները սահմանող պայմանագիրը, որոնք այդ կազմակերպությունն իր գործունեության բնույթով պետք է իրականացնի յուրաքանչյուրի նկատմամբ, ով կդիմի իրեն (մանրածախ առևտուր, ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրումներ, կապի ծառայություններ, էներգամատակարարում, բժշկական, հյուրանոցային սպասարկում և այլն):

Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է պատշաճ ձևով կնքված` վաճառողի կողմից գնորդին` դրամարկղային, ապրանքային չեկ կամ ապրանքի վճարված լինելը հավաստող այլ փաստաթուղթ հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մանրածախ առուվաճառքի պայմանագրով` ներառյալ ստանդարտ ձևերի պայմաններով, որոնց միանում է գնորդը:

Գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահին վաճառողի հայտարարած գինը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ չի բխում պարտավորության էությունից:

«Պետք է, սակայն իմանալ, որ օրենքը հնարավորություն է տալիս մանրածախ առուվաճառքի պայմանագրով նախատեսվել է ապրանքի համար վճարել նախապես, ապա պայմանագրով նախատեսված ժամկետում ապրանքի համար նախապես չվճարելը համարվում է գնորդի կողմից հրաժարում պայմանագիրը կատարելուց, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
Գնորդն իրավունք ունի ապրանքի համար վճարել նաև տարաժամկետ, սակայն ապրանքների ապառիկ, ներառյալ` ապրանքների համար գնորդի կողմից տարաժամկետ վճարելու պայմանով, մանրածախ առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ չեն կիրառվում քաղաքացիական օրենսգրքի 504 հոդվածի 5-րդ կետով նախատեսված կանոնները»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

Այսպիսով, մեր երկրում նույնպես կարելի է պիցցերիաներ ու ժամանացի վայրեր ստեղծել, որտեղ հնարավոր կլինի ուտել, սակայն վճարել ոչ այդ պահին, այլ ավելի ուշ, սակայն ինչպես այն կգործի և ինչպես հնարավոր կլինի կիրառել վերը նշված դրույթները այդ հարաբերությունների նկատմամբ, դժվար է ասել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել