Ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց վարկերը բանկերն առանց լրացուցիչ հարկային պարտավորությունների կարող են ներել

Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ի նիստին առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին օրենքի» նախագիծը, որով առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները կկարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու՝ ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց վարկերը։

Օրենքի նախագիծը օրենսդիրի անդամներին ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Վարկային պարտավորություններ ասելով, նկատի ունենք ոչ միայն տույժերն ու տուգանքները, այլ նաև վարկի մայր գումարները»,-ասաց Պողոսյանը:

Հնարավորություն է ընձեռվում առանց հարկային հետևանքների ներել ոչ միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, այլ նաև նրանց ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողների վարկային պարտավորությունները:

Նախատեսվում է վարկի ներվող գումարները ֆիզիկական անձանց համար դիտարկել որպես նվազեցվող եկամուտներ, որպեսզի հարկային գործակալները ստիպված չլինեն ներվող գումարի համար հաշվարկել և բյուջե վճարել եկամտային հարկ: Հնարավորություն է տրվում նաև ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլ նաև դեռևս անհուսալի չճանաչված վարկերը:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 83 կողմ ձայն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել