Համաձայնել Ադրբեջանի պարտադրած կամ ձևակերպած պահանջների հետ՝ չի լինելու․ Արայիկ Հարությունյան

Արցախն ակնկալում է քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը՝ ոչ միայն լուսաբանելով, կոչերով, հայտարարություններով, այլ նաև՝ առարկայական։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Միջազգային տեռոռիզմը ներ է թափանցում տարածաշրջան՝ արցախյան ազատագրական պայքարի դեմ Ադրբեջանի ստանձնած քաղաքականության քողի տակ։ Փաստերը շատ-շատ են և սա ռուսական, Մինսկի խմբի, ամերիկյան, ֆրանսիական, տարբեր ձևաչափերով իշխանությունների կամ կառույցների կողմից հաստատվել կամ լուսաբանվել է։ Եվ անթաքույց են դա անում»,-ասաց ԱՀ նախագահը։

Նա ներկայացրեց, թե ինչ է զենքեր է օգտագործում Ադրբեջանը՝ հայկական զինված ուժերի ու խախաղ բնակչության նկատմամբ։

«Ոտնահարվում են համամարդկային արժեքները Արցախում, ընթանում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց և այսքանից հետո ակնկալում են Արցախի կողմից ոչ համապատասխան վերաբերմունք, այսինքն համաձայնվել իրենց կողմից պարտադրված կամ ձևակերպված պահանջների հետ։ Դա չի լինելու։ Ուզում եմ հայտարարել՝ դա չի լինելու։ Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը և մենք մեր ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում նաև Հայաստանի Հանրապետության, հայության անմիջական մասնակցությամբ այն իրականացնելու է։ Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը։

Եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում չզգացվի Ադրբեջանի պատրաստակամությունը՝ խաղաղ ճանապարհով հարցի լուծման, Արցախը կդիմի Հայաստանի իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին։

Նա նաև շնորհակալություն հայտնեց ՌԴ իշխանություններին և նախագահ Վլադիմիր Պուտինին հումանիտար հրադադար հաստատելու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ․ «Այս համատեքստում նաև կարևոր եմ համարում Մինսկի խմբի համանախագահության առումով, որը մնում է միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչաձը բանակցությունների և խաղաղ գործընթացի համար»։

Արայիկ Հարությունյանը խոսեց նաև տարբեր երկրների արձագանքից։ «Երբ դիմենք միջազգային կառույցներին՝ Արցախի ճանաչման հարցով, կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքները, և աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռոռիզմին։ Այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին։ Նրանց պետք է ցուցակագրել, և այդ երկրների ժողովուրդներն էլ պետք է գիտակցնեն իրենց իշխանությունների վարքագիծը, և այդ բոլոր իշխանությունները պիտի պատասխան տան մարդկության ու Աստծո առաջ»,-ասաց ԱՀ նախագահը։

Նրա խոսքով, Ադրբեջաննի համար արդեն երկրորդական է՝ կլինի բանակցություն, թե չի լինի բանակցություն, եթե ինքը չի հարգում այն ձևաչափը, որն իրկանացվել է և այն միջազգային հայտարարությունները՝ մենք արդեն անելիք ունենք։

«Առաջին հերթին Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը և դիմելու միջազգային հանրությանն ու բոլոր երկրներին՝ ճանաչել Արցախը և գնալ, պայքարել, կռվել մինչև վերջ։ Ժողովուրդ, մենք խաղաղության կողմնակից ենք։ Աշխարհում ամենաշատը խաղաղություն ուզում են արցախցիները, բայց նաև մենք չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրի կողմից, որի նպատակն է բնաջնջել Արցախի ժողովուրդը, Արցախի հազարամյա մշակույթը, ընդհանուր առմամբ՝ Արցախի պատմությունը։ Հայտարարելու եմ հայրենական պատերազմ և կոչ եմ անելու բոլոր հայերին, ոչ միայն նյութական, այլ ինչու չէ նաև՝ ֆիզիկական, եթե իհարկե նրանք այդ տրամադրվածությունը, ցանկությունը ունեն՝ մասնակցելու։ Ուզու՞մ են երկարատև պատերազմ՝ իրենք են ընտրել այդ ճանապարհը, մենք չենք հրաժարվելու, եթե պարտադրված է այդ պատերազմը»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Նախագահը խոսեց նաև հումանիտար հրադադարից ժամեր առաջ Հադրութը գրավելու հակառակորդի չստացված փորձի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել