Խիստ պատիժներ ու խոշոր տուգանքներ՝ ռազմական դրությամբ պայմանավորված․ մինչև 1․5 միլիոն դրամի տուգանք, մինչև 6 տարի ազատազրկում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 10-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը:

Նշենք, որ Ազգային ժողովի կողմից ընդունված փոփոխությունների և լրացումների համաձայն․

Lրացումներ են կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։

Օրենքի 23-րդ հոդվածը, որը վարչական տույժերի տեսակների մասին է, լրացվել է նոր 7.1 կետով, սահմանվել է որպես վարչական տույժ գործունեության կասեցումը։

Օրենսգրքում նոր հոդվածներ են ավելացել՝ հետևյալ բովանդակությամբ․

Հոդված 31.1 Տնտեսական գործունեության կասեցումը

1. Տնտեսական գործունեության կասեցումը տնտեսական գործունեության ժամանակավոր դադարեցումն է:

2. Տնտեսական գործունեության կասեցումը կարող է նշանակվել 1-3 ամիս ժամկետով:

Հոդված 182-5 Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելը

1. Ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը կամ տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 200 000 – 300 000 դրամի չափով:

2. Ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների եւ ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 500 000 – 1 000 000 դրամի չափով:

3. Սահմանված` սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 500 000 – 1 000 000 դրամի չափով:

4. Պարետային ժամի սահմանման դեպքում առանց անձը հաստատող փաստաթղթերի եւ հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելքը խախտելը կամ սահմանված այլ կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000 – 200 000 դրամի չափով:

5. Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` առաջացնում է տուգանքի նշանակում` 700 000 – 1 000 000 դրամի չափով:

6. Լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 300 000 – 700 000 դրամի չափով:

7. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված տույժերին ենթարկվելուց հետո՝ անհապաղ, ռազմական դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելը`առաջացնում է տուգանքի նշանակում`  1 500 000 դրամի չափով:

8. Զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակումը կամ արգելքը խախտելը, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների եւ պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 500 000 – 1 000 000 դրամի չափով:

9. Պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական եւ այլ անհետաձգելի աշխատանքներին սահմանված կարգով ներգրավումից աշխատունակ անձի հրաժարվելը կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 300 000 – 500 000 դրամի չափով:

10. Ռազմական դրության ժամանակ գործադուլներ եւ հավաքներ կազմակերպելը, անցկացնելը եւ դրանց մասնակցելը, կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 400 000 – 700 000 դրամի չափով:

11. Կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության եւ բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման (ներառյալ` դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման) առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 500 000 – 1 000 000 դրամի չափով:

12. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների գործունեությանը խոչընդոտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 200 000 – 500 000 դրամի չափով:

13. Ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված այլ միջոցառումները եւ սահմանափակումները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000 – 300 000 դրամի չափով:

14. Սույն հոդվածով սահմանված արարքներից որեւէ մեկը (բացառությամբ սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված արարքների) վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նախկինում նույն արարքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:

15. Կազմակերպության կողմից սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ 11-րդ  մասերով նախատեսված արարքներից որեւէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելը՝ առաջացնում է տնտեսական գործունեության կասեցում՝ 1-3 ամիս ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչեւ ռազմական դրության իրավական ռեժիմի ավարտը:

Լրացումներ են կատարվել Քրեական օրենսգրքում։ Լրացվեն են հետևյալ հոդվածները․

Հոդված 307.1 Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելը

Ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Հոդված 307.2 Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների եւ ուժերի գործունեությանը խոչընդոտելը

1. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների եւ ուժերի գործունեությանը խոչընդոտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ պատժվում է ազատազրկմամբ՝ մինչեւ 6 տարի ժամկետով:

Հոդված 307.3 Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված գործունեության իրականացումը շարունակելը

1. Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված գործունեության իրականացումը շարունակելը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչեւ 3 տարի ժամկետով:

Հոդված 307.4 Ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը

1. Ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել պետության անվտանգության շահերին պատժվում է տուգանքով՝ 200 000 – 300 000 դրամի չափով կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով:

Աշխատանքային օրենսգրքում

124-րդ հոդվածի վերնագիրը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝ ««Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը` կապված զինվորական ծառայության անցնելու եւ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակցելու հետ»։

Նախկինում – Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը` կապված զինվորական ծառայության անցնելու հետ

2-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով»։

Նախկինում – Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու և վարժական հավաքների կանչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով

Հոդվածին ավելացվել է նոր 2 կետ․

«3. Զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելիս, ինչպես նաեւ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)` կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը):

4.Սույն հոդվածի 3-րդ մասի սահմանված դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողն ազատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի տրամադրած` զորահավաքային զորակոչի կանչվելու վերաբերյալ ծանուցման կամ կամավորական հիմունքներով պաշտպանությանը ներգրավելու մասին տեղեկանքի հիման վրա, իսկ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»:

Աշխատանքային օրենսգրքի 138-րդ հոդվածի (Աշխատաժամանակի կառուցվածքը) 2-րդ մասի 2-րդ կետում «զորակոչային տեղամասերին կցագրվելու, վարժական հավաքներին մասնակցելու և ժամկետային» բառերը փոխարինվել են «վարժական հավաքներին, զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին մասնակցելու, ինչպես նաեւ ժամկետային պարտադիր կամ զորահավաքային» բառերով:

Օրենսգրքի 166-րդ հոդվածը՝ Ամենամյա արձակուրդից հետ կանչելը, շարադրվել է հետևյալ նոր խմբագրությամբ.

1. Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա կազմակերպությունների, ինչպես նաեւ ռազմական դրությամբ պայմանավորված որեւէ ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարմանն անցած կազմակերպությունների ու հիմնարկների (անկախ սեփականության ձեւից) աշխատողներին ամենամյա արձակուրդից հետ կանչելիս աշխատողի համաձայնությունը չի պահանջվում:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տրամադրվում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել