Արցախի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են․
«Նիդերլանդների խորհրդարանը հոկտեմբերի 6-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմն անմիջապես կանգնեցնելու համար կոչ է արվում Կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։
«Խորհրդարանը, հարցի քննարկումից հետո, արձանագրելով՝
- Եվրոպայի սահմանին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը թեժանում է,
- ԵՄ-ն բանակցություններ է վարում գործընկերության ու համագործակցության ամրապնդման շուրջ,
- զոհերի՝ այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում, աճող քանակը,
- Թուրքիան հրահրում է կռիվն ադրբեջանական կողմից, և նշելով, հատկապես, Բաքվի և Անկարայի ագրեսիվ հռետորաբանությունը,
կոչ է անում կառավարությանն առաջիկա ԵՄ գագաթաժողովում պնդել, որ պետք է եզրակացություններում ներառել անհապաղ հրադադարի հաստատման անհրաժեշտությունը և կողմերի վերադարձը բանակցային սեղան՝ ԵԱՀԿ-ի հովանու ներքո։
Կոչի շրջանակներում Նիդերլանդների խորհրդարանը դիմում է կառավարությանը՝ հստակ հասցեագրելու նպատակով ագրեսիայում ներգրավված պետություններին՝ հաշվի առնելով նախագահ Ալիևի նվաճողական հրապարակային հայտարարությունները։ Նրանք պնդում են, որ այս հարցում մեծագույն պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը և վերջինիս հարկավոր է վերջնագիր ներկայացնել։ Եթե հարկավոր է, ապա դա պետք է հետևանքներ ունենա ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում նախատեսված աջակցության առումով։ Նրանք կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքը և բարի կամքից ելնելով բանակցել»։
Բանաձևի հեղինակը կոալիցիոն Քրիստոնեա-դեմոկրտարական կուսակցության խոսնակ Մարթայն ֆան Հելֆերթն է»։