Ի՞նչ է զինվորական հաշվառումը․ ի՞նչ անել, եթե գրանցված եք մի հասցեում, բայց բնակվում եք այլ վայրում

Իրավաբան.net-ն իրազեկում է, որ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիները պարտավոր են օրենքով սահմանված կարգով`

1) կանգնել զինվորական հաշվառման, զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության, մասնակցել կազմակերպվող վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին.

2) կատարել զինվորական կոմիսարիատների կողմից տրված ծանուցումների, զորահավաքային կարգադրագրերի և կարգադրությունների պահանջները.

3) զորահավաք հայտարարվելու դեպքում`

ա. զինվորական կոմիսարիատների ծանուցագրերում, զորահավաքային կարգադրագրերում և կարգադրություններում նշված ժամկետներում ներկայանալ զորահավաքային զորակոչի,

բ. առանց համապատասխան զինվորական կոմիսարիատի թույլտվության` չբացակայել իրենց բնակության վայրից,

գ. մասնակցել պաշտպանական բնույթի աշխատանքների կատարմանը:

Զինվորական հաշվառումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինապարտության ապահովման նպատակով հաշվառման ու հանրապետության զորակոչային, վարժահավաքային և զորահավաքային ռեսուրսների վերլուծության պետական համակարգ է, որն ընդգրկված է և հանդիսանում է զինապարտության  տարրերից մեկը:

Համաձայն «Պաշտպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի՝ զինվորական հաշվառում իրականացնում են`

  • զինապարտի մշտական բնակության վայրի զինվորական կոմիսարիատը.
  • Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը` Հայաստանի Հանրապետությունում ըստ բնակության վայրի հաշվառում չունեցող և հյուպատոսական հաշվառման վերցված զինապարտներինը:                                                                               

Բացի այդ զինվորական հաշվառման նպատակով զինվորական կոմիսարիատում կազմվում է զինապարտի անձնական գործ, որում մուտքագրվում են զինապարտի ծննդյան և անձնագրային, անհրաժեշտ կենսաչափական, հաշվառման վայրի, ընտանեկան դրության, կրթության, աշխատանքային գործունեության, առողջական վիճակի, դատվածության վերաբերյալ տվյալները, ինչպես նաև ներառվում են այդ տվյալների վերաբերյալ համապատասխան բնօրինակ փաստաթղթերը կամ դրանց պատճենները, իսկ զինապարտության կատարումը ապահովելու համար պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից՝ գործատու կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք պարտավոր են`

  • սահմանված կարգով վարել զինապարտների գրանցամատյանը, զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակները ներկայացնել նրանց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ, ինչպես նաև տրամադրել համայնքի բնակության վայրի հաշվառումից հանվելու կամ աշխատանքի (ուսումնական հաստատություն) ընդունվելու, տեղափոխվելու, ազատվելու (հեռացվելու) վերաբերյալ տվյալները.
  • համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտներին ծանուցել զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին.
  • զինապարտներին ազատել աշխատանքից կամ արձակել ուսումից` պարտադիր զինվորական ծառայության կամ զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված անհրաժեշտ ժամանակով:

Նույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հաշվառման վայրը փոխելու դեպքում զինապարտները զինվորական հաշվառման կանգնելու համար պարտավոր են ներկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ հաշվառման նոր վայր ժամանելուց հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

Սահմանված զինվորական հաշվառման կանոնները խախտելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ  մեկ տարվա ընթացքում կրկին խախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20 000 դրամի չափով

Այսպիսով, եթե սահմանված կարգով անցել եք զինվորական հաշվառում, ապա Ձեր հաշվառման վայրի փոփոխության մասին զինվորական կոմիսարիատը պետք է, որ տեղեկացված լինի, որի դեպքում էլ ծանուցագիրը կուղարկվի Ձեր գտնվելու վայր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել