Մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի ԼՂ մեր հայրենակիցների բնակավորման հարցերը լուծելու համար: Բայց Եվրոպայի խորհուրդը նույնպես կարող է աջակցել՝ Ղարաբաղի մեր հայրենակիցների համար տարբեր ծրագրեր իրականացնելով, այդ թվում՝ վերամասնագիտացման, կրթության հարցերում նրանց աջակցությամբ: Դա շատ կարևոր ուղղություն է, որպեսզի նրանք Հայաստանի զարգացող աշխատանքի շուկայում ավելի արագ գտնեն իրենց տեղը: Այդ մասին ԵԽԽՎ-ում իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, Հայաստանի կառավարությունը նման ծրագրեր իրականացնում է, և առաջիկայում մեր կառավարությունը պատրաստվում է համաժողով կամ աշխատաժողով հրավիրել, որտեղ մասնակից կլինեն ԼՂ-ից փախստական դարձած մեր հայրենակիցները, և այդ աշխատաժողովի ընթացքում կփորձենք անմիջապես իրենցից լսել տպավորությունները մինչև այժմ իրականացրած ծրագրերի վերաբերյալ, և նաև որոշակի միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը համաձայնեցնել նրանց հետ կամ նրանց առավելագույնս ներառել բովանդակությանը»,- ասաց նա: