«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանվում է, որ վարժական հավաքի ընթացքում քաղաքացին համարվում է զինծառայող, գրանցվում է վարժական հավաքի անցկացման վայրի զորամասի անձնակազմի ցուցակներում և վերցվում բոլոր տեսակի բավարարումների, նրան հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափ, ամրակցվում են զենք, զինամթերք և անհատական պաշտպանության միջոցներ, նրա վրա տարածվում են զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքները և պարտականությունները, սոցիալական երաշխիքները, վարժական հավաքի ժամանակահատվածը օրացուցային հաշվարկով ներառվում է քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:
Վարժական հավաքին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը): Գործատուի կողմից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Նույն օրենքի 60-րդ հոդվածով ամրագրված է, որ պահեստազորայինին զինվորական վարժանքի կամ զորավարժության ավարտից հետո միանվագ ձևով վճարվում են համապատասխան կազմերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովությանը համարժեք չափով և կարգով:
Աշխատանքային օրնսգրքի 175-րդ հոդվածով սահմանվում են պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատման դեպքերը։ Հոդվածի համաձայն, աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը)`որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս.
Նշված դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողն ազատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի տրամադրած՝ կամավորական համարվելու մասին տեղեկանքի հիման վրա, իսկ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով: