ՊԲ մարտիկները՝ ցուցաբերելով հերոսության անօրինակ դրսևորումներ, հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները․ փոխգնդապետ Սուրեն Սարումյան

Մարտական գործողություններն այս պահին ընթանում են ռազմաճակատի ամբողջ երկարությամբ, դրանք հատկապես ինտենսիվ են հյուսիսային և հարավային ուղղություններով։ Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ անօդաչու թռչող սարքեր, ավիացիա, զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի։

Այս մասին հոկտեմբերի 3-ին, Արցախի տեղեկատվական շտաբում, ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՀ ՊԲ մամուլի պատասխանատու, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը։

«Պաշտպանության բանակի մարտիկները՝ ցուցաբերելով հերոսության իսկապես անօրինակ դրսևորումներ, հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները, ամուր կանգնած են իրենց բնագծերում։ Հակառակորդին պատճառված է տեխնիկայի և մարդկային մեծ կորուստներ, որոնց թիվն այս պահին ճշտվում է»,-ասաց նա։

Փոխգնդապետ Սուրեն Սարումյանի խոսքով հակառակորդը շարունակում է թիրախավորել խոր թիկունքում գտնվող բնակավայրերը։ «Այսօր ևս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, այդ թվում՝ հրթիռային հարվածներ են հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներին»,-ասաց ՊԲ մամուլի պատասխանատուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել