Արցախի սահմանագծի ողջ երկայնքով ռազմական հարձակում է․ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք

Սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ից Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով ռազմական հարձակում է սկսել՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։

08:25 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն։

Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։

Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք։

Կեցցե՜ հայոց փառապանծ բանակը։ Կեցցե՜ հայոց պետականությունը։ Կեցցե՜ հայ ժողովուրդը»։

08:30 ՀՀ պաշտպանության նախարար Շուշան Ստեփանյանը հայտնել է․ «ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը»։

08:35 Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնեց․ «Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել»:

08:45 Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մարտակոչով է հանդես եկել․ «Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը, անհրաժեշտության դեպքում նաև ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղություն: Այդ խնդիրը կատարելու համար պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը:

Մեր հաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ու մեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրա ապրելու իրավունքը: Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը:

09։10 ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան․ «Հայկական կողմը խոցել է հակառակորդի 2 ուղղաթիռ և 3 ԱԹՍ, 3 տանկ»:

10։05 ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը պաշտոնապես հայտարարեց՝ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված է եղել։

10։15 ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ։

10։25 Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները. Facebook, Youtube, Whatsapp, TikTok. Անխափան աշխատում է միայն Twitter-ը»։

10։30 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան․ «Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն: Կենաց մահու պատերազմ է, կենաց մահու պատերազմ ենք տալու բոլորս: Ազգովի պատերազմ ենք մղելու և ազգովի հաղթանակ ենք տանելու»։

10։30 Արցախի ՄԻՊ․ «Առկա են նաև քաղաքացիական զոհեր ու վնասներ»։

10։50 ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան․ «Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր»։

11։10 Արցախի ՊԲ․ «Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ»։

11։15 Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։ «Ամեն մի զոհի համար պատասխան են տալու»,-ասաց ԱՀ նախագահը։

12։10 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան․ «Կառավարությունը կքննարկի ռազմական դրություն եւ մասնակի զորահավաք հայտարարելու հարցը»։

12։40 Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

12։45 ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը. «Մեր պատասխանը լինելու է կոշտ` ինչպես երբեք»։

13:00 Առաջին ճեպազրույցով հնադես եկան ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալկանը «Մարտական գործողությունները այս պահին էլ են ընթանում, բավականին թեժ են։ Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ»:

13։20 Մարտակոչով հանդես եկավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը։

14։30 Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ քաղաքացիական շրջանում 10-ից ավելի վիրավորներ ունենք։

14։35 Կադրեր հրապարակվեցին հրետակոծված Ստեփանակերտից։

14։40 ՀՀ առողջապահության նախարարությունը արյան դոնոր դառնալու համար քաղաքացիներին կոչ-խնդրանքով դիմեց։

14։45 ՊՆ-ն հրապարակեց հակառակորդի կորուստների մասին առաջին տվյալները։

16։00 Կառավարությունը որոշումը ստորագրեց, Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և մինչև 55 տարեկան պահեստազորայինների զորահավաք։

16։05 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով․ «Մենք գործադրելու ենք հնարավորն ու անհնարինը»։

16:40 Հայտարարվեց դրամահավաք՝ աջակցելու Արցախի ժողովրդին․ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար»։

17։30 ՀՀ Ազգային ժողովը հատուկ նիստ գումարեց։

17:50 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր եկույթի ժամանակ ասաց․  «Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի։ Հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի։ Հայ ժողովուրդն ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնած լինի այս հողի վրա»:

18։25 Որոշվեց, որ սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման։

18։25 Պաշտոնապպես հայտարարվեց հայկական կողմի առաջին զոհերի մասին տվյալներ։ ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը ճեպազրույցի ժամանակ ասաց․ «Նախնական տվյալներով հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր»։

19։15 ՀՀ ՊՆ ներկայցուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց․ «Մարտերը այս պահի դրությամբ էլ դեռ շարունակվում են: Ճշտված տեղեկություններով՝ հստակ հակառակորդն ունի զգալի կորուստեր, ճշտված տեղեկություններով՝ մոտ 200 մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավորումների կորուստ»։

22։10 Ասուլիսի ժամանկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց․ «Մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան։ Օգտագործվում է թուրքական բանակի ձեռքի տակ եղած հիմնական ժամանակակից զենքն ու զինամթերքները»։ Նա խոսեց նաև կորցրած ու հետ վերցրած դիրքերի մասին։  ԱՀ նախագահը հայտարարեց․ «Մենք պետք է պատրաստ լինենք նաև երկարաժամկետ պատերազմի»։

22։45 ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը կիսվեց լավ լուրով․ «Առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով»։

23։47-ին հրապարակվեց հայկական կողմի 16 զոհերի անունները։

*Ժամանակացույցը նշվել է 1-10 րոպեների հնարավոր տարբերությամբ
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել