Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Ծառուկյանը կկալանավորվի 2 ամսով։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ծառուկյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը։
Նրա խոսքով՝ ԲԿՀ ղեկավարը դատարան չի ներկայացել, նա այս պահին ԱԱԾ-ում է․ «Որևէ նոր ի հայտ եկած հանգամանք նախաքննություն իրականացնող մարմինը չի ներկայացրել։ Գագիկ Ծառուկյանը այս ամիսների ընթացքում չի խոչընդոտել գործի քննությանը։ Դատարանի որոշումը անհիմն և անօրինական է»։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ծառուկյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, որը բավարարվել էր։
Սակայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ հիմնավոր կասկածն առկա էր։ Այս որոշումը Վերաքննիչ էին բողոքարկել երկու կողմն էլ. դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբաններն էլ մի քանի բողոք էին ներկայացրել, որոնցից մեկն այն էր, թե գործն ըստ օրենքի պետք է ՀՔԾ-ում քննվեր։ Վերաքննիչը մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը եւ ուղարկել նոր քննության։
Այնուհետև Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմն ու գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք էին ներկայացրել։ Հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել կողմերի բողոքները։ Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ԱԺ նախկին մի քանի պատգամավորներ, որոնց թվում են՝ Աբրահամ Մանուկյանը, Վանիկ Ասատրյանը եւ Սեդրակ Առուստամյանը։