Կառավարությունը սեպտեմբերի 24-ին հերթական նիստին ընդունեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի նախագիծը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ Եվրոպական միությունը կաջակցի 30 միլիոն եվրո գումարի չափով, որից 3 մլն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը (հիմնականում խորհրդատվական ծառայություններին), իսկ մնացած 27 մլնը՝ երեք հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական բյուջեին՝ ըստ Համաձայնագրի ընդհանուր և հատուկ պայմանների իրականացմանը։
Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։ Հատուկ նպատակներն են արդարադատության համակարգում անկախության, բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը, ծառայությունների մատուցման և դրա կատարողականի բարելավումը, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ դատական համակարգի հակազդեցության ուժեղացումը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ծրագրի հիմքում ընկած են Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ և վերջինիս 2019-2023թթ. գործողությունների ծրագրով ամրագրված առաջնահերթությունները, ինչպիսիք են՝ կոռուպցիայի դեմ պայքարը, դատավորների անկախության, անկողմնակալության ու հաշվետվողականության, ինչպես նաև դատական իշխանության գործունեության արդյունավետության բարելավումը։
Ծրագրում արտացոլված են նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում տեղ գտած առաջնահերթությունները, որոնցից է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի և համապատասխան կանխարգելիչ, դատախազական և քննչական մարմինների ստեղծումը։
Մանրամասները՝ տեսանյութում