Վրաստանում կանոնավոր չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը: Համապատասխան որոշումը հրապարակել է Վրաստանի քաղավիացիայի գրասենյակը:
Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանը բոլոր երկրների հետ մարտ ամսվանից դադարել է կանոնավոր ավիաչվերթներ իրականացնել: Կառավարությունը նախ հուլիսի 1-ից, այնուհետև օգոստոսի 1-ից էր ծրագրում վերականգնել կանոնավոր ավիաչվերթները: Ժամկետները երկարաձգվեցին մինչև սեպտեմբերի 1-ը, հետո` հոկտեմբերի 1-ը:
Սահմանափակումները չեն վերաբերում երեք ուղղություններին․ Փարիզից, Մյունխենից ու Ռիգայից շաբաթական կտրվածքով չվերթներ կան օգոստոսից, ինչպես նաև Թբիլիսիից դեպի վերոնշյալ ուղղություններ:
Ավելի վաղ Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել էր, որ ավիաչվերթները կիրականացվեն, երբ դրան պատրաստ կլինեն Վրաստանը, ողջ աշխարհն ու այն երկրները, որ ուղղությամբ պետք է իրականացվեն այդ չվերթները: