Հայաստանում արտակարգ դրությունը նորից երկարաձգվեց

Կառավարությունը հունիսի 12-ի արտահարեթ նիստին որոշում ընդունեց Հայաստանում արտակարգ դրությունը նորից երկարաձգելու մասին՝ մինչև հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ։

Նիստը նախագահեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,

հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի հունիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 15281 դեպքերը, որոնցից 5639-ը` առողջացած, 258-ը` մահվան ելքով, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը,

հաշվի առնելով այն, որ նման արտակարգ իրավիճակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի` ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,

հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, եթե արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը

և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` ՀՀ կառավարությունը որոշեց․

երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հունիսի 13-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Հանվել է նաև համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանելու  իմպերատիվ պահանջը՝ դա թողնելով ըստ իրավիճակի առողջապահության նախարարի կողմից սահմանելուն: Ի տարբերություն առկա կարգավորման, երբ պարետի որոշմամբ պետք է սահմանվեն այն տարածքները, որտեղ արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը և անցկացումը և դրանց մասնակցությունը, որոշմամբ առաջարկվում է արգելքը տարածել ՀՀ ողջ տարածքում, իսկ պարետն այս արգելքից կարող է բացառություններ նախատեսել: Հստակեցվել է նաև տնտեսական գործունեություն իրականացնող առանձին սուբյեկտների գործունեության սահմանափակման հնարավորությունը նաև նրանց աշխատակիցների մոտ վարակի առկայության հայտնաբերման կամ դրա կասկածի դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել